BYD-ի «Yangwang» բարձրակարգ բրենդը պատրաստվում է ներկայացնել նոր շքեղ էլեկտրական սեդան, որը կարող է դառնալ ընկերության առաջին մոդելը՝ պինդ էլեկտրոլիտային մարտկոցով։ Մեքենան արտաքին դիզայնով հիշեցնում է «Rolls-Royce Phantom»-ը և կունենա դեպի հետ բացվող դռներ։ Նոր մոդելը, որին ընկերությունը դեռ անվանում չի տվել և ներքին պայմանականորեն «HU» է կոչում, նախատեսված է որպես «ultra-luxury» դասի սեդան։ Մեքենան, ըստ հաղորդումների, կարող է համալրվել BYD-ի e4 քառաշարժիչ հարթակով՝ ավելի քան 1000 ձիաուժ ընդհանուր հզորությամբ։ Նշվում է նաև, որ այն կարող է ապահովել ընկերության «Flash Charging» արագ լիցքավորման տեխնոլոգիան։ BYD-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ ընկերությունը նախատեսում է իր առաջին պինդ էլեկտրոլիտային մարտկոցով մեքենան ներկայացնել 2027 թվականին։ Չի բացառվում, որ այդ մոդելը կլինի հենց «Yangwang»-ի նոր սեդանը։ Մոդելի գինը դեռ չի հայտարարվել, սակայն հաղորդվում է, որ այն կարող է գերազանցել 2 միլիոն յուանը (մոտ 300 հազար դոլար)։



