Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ արևմտյան մեդիադաշտը հասարակության զգալի մասի մեջ սերմանել է հակառուսական ամենաանհեթեթ կարծրատիպեր։ «Արևմտյան լրատվադաշտը, արևմտյան արդյունաբերությունն այս ոլորտում, այդ թվում՝ ժամանցի ոլորտում, երկար ժամանակ և հետևողականորեն նախապատրաստել է իրենց երկրների բնակչությանը՝ ընկալելու ցանկացած, նույնիսկ ամենաանհեթեթ հակառուսական կարծրատիպերն ու երևակայական պատմությունները։ Սա շարունակվում է մինչ օրս։ Սակայն պետք է հարգանքի տուրք մատուցել նրանց, քանի որ հասարակության զգալի մասին նրանք հենց այս ոգով են դաստիարակել, այնպես որ, ինչպես ասում են, նրանց աշխատանքն իզուր չի անցել»,- հայտարարել է Լավրովը։ ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ վերջին շրջանում Արևմուտքում որոշ մարդիկ սկսել են իրենց իշխանություններին անհարմար հարցեր ուղղել, օրինակ՝ թե ինչու է լռության մատնվում ռուսական քաղաքների խաղաղ բնակչության նկատմամբ ուկրաինական ահաբեկչության փաստերը։



