Առողջապահության նախարարությունից հայտնում են․ Նախարար Անահիտ Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում կայացած «Համավարակների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման» թեմայով բարձր մակարդակի հանդիպմանը: Հայաստանը կարևոր դեր է ունեցել այս գործընթացում՝ հանդես գալով որպես ՄԱԿ-ի՝ պանդեմիաների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման վերաբերյալ քաղաքական հռչակագրի բանակցությունների համակազմակերպիչ: «Հայաստանում այս գլոբալ հանձնառությունները զուգակցվում են առողջապահական համակարգի շարունակական բարեփոխումների հետ։ 2026 թվականը կարևոր փուլ է՝ առողջապահական ապահովագրության բարեփոխումների մեկնարկով, որի նպատակն է ապահովել որակյալ բուժօգնության առավել հավասար հասանելիություն, ուժեղացնել քաղաքացիների ֆինանսական պաշտպանությունը և նվազեցնել առողջապահական ծախսերի ֆինանսական բեռը ընտանիքների վրա,- նշել է նախարարը: Նրա խոսքով առողջապահական համընդհանուր ապահովագրության ծածկույթը պաշտպանում է մեր քաղաքացիներին ամեն օր, իսկ պանդեմիաների պատրաստվածությունը՝ այն պահերին, երբ մեր հասարակությունները կանգնում են ամենամեծ փորձության առաջ։ «Դիմակայուն առողջապահական համակարգերը պետք է պատրաստ լինեն երկուսին էլ»,-իր ելույթում նշել է Անահիտ Ավանեսյանը: Միջազգային այս հարթակում նախարարի հիմնական կոչն է եղել քաղաքական հանձնառությունները կոնկրետ և չափելի գործողությունների վերածել` կառուցելով ավելի արդար, թափանցիկ և ապագա ճգնաժամերին պատրաստ գլոբալ առողջապահական համակարգ։



