Սեպտեմբերի 25-ին ռուսական Interfax-ը հրապարակեց Հայաստանի մասին սոցիոլոգիական հարցման արդյունքներ։ Ըստ հրապարակման՝ ԵԱՏՄ-ից դուրս գալուն և Եվրամիությանն անդամակցելուն աջակցում է հարցվածների 35.1 տոկոսը, ԵԱՏՄ-ում մնալուն՝ 29.4 տոկոսը։ 58.8 տոկոսը կողմ է այս հարցով հանրաքվեի անցկացմանը։ Թվերը հետաքրքիր են։ Հրապարակման նախորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ հայ-ռուսական հարաբերությունները «տրանսֆորմացիայի փուլում» են։ Նույն օրը Եվրամիության խորհուրդը հաստատեց Հայաստանի համար ժամանակավոր առևտրային արտոնությունները, որոնք ազատականացնում են հայկական արտահանման շուրջ 80 տոկոսը դեպի ԵՄ և պաշտոնապես կապվում են ռուսական վերջին առևտրային սահմանափակումների հետևանքների մեղմման հետ։ Հաջորդ օրը Մոսկվայում շրջանառության մեջ դրվեց արդեն քաղաքական նշանակություն ստացող հարաբերակցություն՝ 35.1 տոկոս՝ ԵՄ-ին անդամակցելու օգտին, 29.4 տոկոս՝ ԵԱՏՄ-ում մնալու օգտին։ Հայաստանում տվյալ հարցումները կատարող MPG ընկերությունը Gallup Inc.-ի հայկական գրասենյակը չէ: Ընկերությունն իր կայքում բաց տեքստով նշում է, որ Gallup International Association-ը որևէ կապ չունի Վաշինգտոնում գործող Gallup Inc.-ի հետ և խնդրում է իր հետազոտությունները չանվանել պարզապես «Gallup» կամ «Gallup Poll»։ Հայաստանյան հանրային դաշտում այս տարբերակումը տարիներ շարունակ հստակ չի արվել։ Դրա հետևանքով Gallup անունի միջազգային հեղինակությունը հաճախ վերագրվել է մի կազմակերպության, որն ինստիտուցիոնալ կապ չունի ամերիկյան Gallup Inc.-ի հետ։ Խնդիրը միայն անվանումը չէ։ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններից անմիջապես առաջ MPG-ի հարցումը «Հայաստան» դաշինքին տալիս էր 28.7 տոկոս, «Քաղաքացիական պայմանագրին»՝ 25.2 տոկոս։ Ընտրությունների արդյունքով ՔՊ-ն ստացավ շուրջ 53.9 տոկոս, «Հայաստան» դաշինքը՝ շուրջ 21 տոկոս։ Շեղումը այնքան մեծ էր, որ այն այլևս դժվար էր բացատրել սովորական ընտրանքային սխալով։ Ընտրություններից հետո MPG-ի ղեկավար Արամ Նավասարդյանն ինքն էլ հրապարակայնորեն խոստովանել էր, որ չի կարող հիմնավոր բացատրություն տալ ՔՊ-ի կանխատեսված և փաստացի արդյունքների միջև առաջացած այդ մեծ տարբերությանը։ Սա արդեն վստահության չափանիշի խնդիր է։ Սոցիոլոգիական հետազոտության արժեքը որոշվում է մեթոդաբանության բացությամբ, հարցերի ճշգրտությամբ, ընտրանքի որակով, նախորդ չափումների արժանահավատությամբ և քաղաքական ազդեցություններից մասնագիտական անկախությամբ։ 2024-ին Media.am-ը ուշադրություն հրավիրեց նաև մեկ այլ խնդրի վրա։ MPG-ի քաղաքական հարցումների ձևավորմանն ու ներկայացմանը ներգրավված են եղել իշխանության նկատմամբ հրապարակային քննադատական դիրք ունեցող գործիչներ ու վերլուծաբաններ, նրանց առաջարկած հարցերը ներառվել են հարցաթերթերում, իսկ կազմակերպության ղեկավարը հրապարակային ասուլիսներում հանդես է եկել քաղաքական գնահատականներով։ Այս հանգամանքները միասին անխուսափելի հարցեր են առաջացնում հետազոտության մասնագիտական չեզոքության և խմբագրական անկախության վերաբերյալ։ Փոքր պետությունների շուրջ ազդեցության համար պայքարում հանրային կարծիքը նույնպես ռազմավարական ռեսուրս է։ Այն կարող է վերածվել արտաքին ազդեցության գործիքի։ Հարցման մեկ թիվը ժամերի ընթացքում հայտնվում է դիվանագիտական հայտարարություններում, հեռուստաեթերում, վերլուծական զեկույցներում ու կուսակցական քարոզչության մեջ՝ ձեռք բերելով այնպիսի քաղաքական կշիռ, որը հաճախ գերազանցում է հենց հետազոտության սկզբնական նշանակությունը։ Interfax-ի հրապարակումն այդ մեխանիզմի լավ օրինակ է։ Լուրը հատուկ շեշտում է 58.8 տոկոսանոց հանրաքվեի աջակցությունը և անմիջապես հիշեցնում Ռուսաստանի պահանջը՝ Հայաստանում արագ հանրաքվե անցկացնելու եվրոպական ինտեգրման հարցով։ Այդ կառուցվածքը թիվը տեղափոխում է սոցիոլոգիական դաշտից արտաքին քաղաքական օրակարգ։ Այս պատճառով խնդիրը պետք է դիտել ինստիտուցիոնալ մակարդակում։ Հայաստանում քաղաքական հարցումներ հրապարակող կազմակերպությունների համար անհրաժեշտ է բարձր թափանցիկություն՝ ամբողջական հարցաթերթ, պատվիրատուի բացահայտում, ֆինանսավորման աղբյուր, ընտրանքի կառուցվածք, զանգերի կամ հարցազրույցների ժամանակահատված, չպատասխանածների բաժին, կշռման մեթոդ, նախորդ հարցումների շեղումների հրապարակային հաշվետվություն։ Նման չափանիշները տեղեկատվական շուկայի հիգիենան են։ Ժողովրդավարությունը կառուցված է հանրային կարծիքի վրա։ Այդ կարծիքը չափող գործիքի նկատմամբ վստահությունն էլ հանրային ենթակառուցվածքի մաս է։ Հայաստանն արտաքին քաղաքական բարդ վերադասավորման փուլում է։ Եվրոպական ինտեգրման կամ ԵԱՏՄ-ում մնալու օգտին արձանագրված յուրաքանչյուր տոկոս կարող է արագ վերածվել բանակցային փաստարկի և արտաքին քաղաքական ճնշման նյութի։ Այդ պատճառով ոչ թափանցիկ, կեղծ ու կասկածելի մեթոդաբանությամբ, ճշգրտությամբ կամ քաղաքական միջավայրի ազդեցությամբ ձևավորված սոցիոլոգիան այլևս միայն հանրային կարծիքի չափում չէ․ այն կարող է ներգործել արդեն պետության որոշումների շուրջ ձևավորվող միջավայրի վրա։ Հետևաբար խնդիրը միայն հրապարակված տոկոսի արժանահավատությունը չէ։ Կարևոր է հասկանալ, թե ինչպես է այն ստացվել, ինչ մեթոդաբանությամբ է չափվել և ինչ ճանապարհով է մի քանի ժամում հայտնվել ռուսական արտաքին քաղաքական օրակարգում։ Հանրային կարծիքի չափումը ժողովրդավարության անհրաժեշտ գործիք է։ Այդ գործիքը պետք է լինի թափանցիկ, ստուգելի և վստահելի։



