ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային լարվածությունը շարունակում է թուլանալ։ Ըստ Bloomberg-ի՝ Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումից հետո Պեկինը պարտավորվել է 2027 և 2028 թվականներին ԱՄՆ-ից տարեկան առնվազն 10 մլն տոննա ածուխ գնել։ Միաժամանակ կողմերը քննարկում են միմյանց ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի նվազեցումը՝ շուրջ 30 մլրդ դոլարի առևտրի շրջանակում յուրաքանչյուր ուղղությամբ։ Վաշինգտոնը փորձում է աջակցել ամերիկյան ածխի արդյունաբերությանը, իսկ Պեկինը շահագրգռված է չինական ապրանքների համար ԱՄՆ շուկայի հասանելիության բարելավմամբ։ Կողմերի հարաբերություններում շարունակում է պահպանվել փոխադարձ տնտեսական կախվածությունը․ ԱՄՆ-ին անհրաժեշտ են Չինաստանի հազվագյուտ հողային մետաղները, իսկ Չինաստանը հետաքրքրված է ամերիկյան շուկայով։ Այսպիսով, երկու երկրները, ամբողջական տնտեսական «անջատման» փոխարեն, փորձում են փոխադարձ զիջումների միջոցով կառավարել առևտրային հարաբերությունները։



