ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան գիտի Պեկինի դիրքորոշումը սպառազինությունների վերահսկման շուրջ բանակցություններին մասնակցելու վերաբերյալ։ Նա հավելել է, որ դիրքորոշման փոփոխությունների մասին իրեն հայտնի չէ։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպման ընթացքում հանդես էր եկել Մոսկվայի, Պեկինի և Վաշինգտոնի մասնակցությամբ սպառազինությունների վերահսկման շուրջ եռակողմ բանակցություններ անցկացնելու օգտին: «Ինչ վերաբերում է չինական կողմի մասնակցությանը նման բանակցություններին, մենք շատ լավ գիտենք մեր չինացի բարեկամների դիրքորոշումը: Մինչ այժմ նրանք ասում էին, որ քանի որ իրենց միջուկային ներուժը համադրելի չէ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջուկային ներուժի հետ, ապա նրանք անհրաժեշտ և հնարավոր չեն համարում մասնակցությունը նման բանակցություններին: Այս պահին մեզ հայտնի չէ մեր չինացի բարեկամների դիրքորոշման որևէ փոփոխության մասին այս հարցում»,- ասել է Պեսկովը։



