Սեպտեմբերի 25-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին։ Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ, հաջողություններ մաղթել և վստահություն հայտնել, որ առկա սերտ համագործակցությունը կշարունակի զարգանալ՝ ընդգրկելով նոր ուղղություններ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից: Կողմերն ընդգծել են Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամական ու ռազմավարական հարաբերությունների կարևորությունը։ Քննարկվել են ծառայողների վերապատրաստման, քաղաքացիական պաշտպանության, անօրինական միգրացիայի և կիբեռհանցագործությունների դեմ պայքարի, ինչպես նաև վիզաների ազատականացման ուղղությամբ համագործակցության հարցեր։ Արփինե Սարգսյանը՝ որպես ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի Հայաստանի գլխավոր բանակցող, Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային ցուցաբերած աջակցության համար։ Նա անդրադարձել է նաև ֆրանսիական ընկերության հետ պետություն–մասնավոր գործընկերության շրջանակում Հայաստանում ներդրվող կենսաչափական համակարգին՝ նշելով, որ համակարգի գործարկումը կմեկնարկի առաջիկա օրերին։ Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ երկխոսությունն ու ընդլայնել համագործակցության ուղղությունները։



