Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Կուրմուխի տաճարի վերականգնման հարցը կլուծվի Վրաստանի և Ադրբեջանի ժողովուրդների շահերին համապատասխան։ Նրա խոսքով՝ երկու երկրների հարաբերություններում լարվածություն չկա։ Ավելի վաղ Վրաստանի պատրիարքարանը մտահոգություն էր հայտնել, որ վրաց ժողովրդի մշակութային ժառանգության համարվող հուշարձանի վերականգնումն իրականացվում է առանց վրացական կողմի հետ համաձայնեցման։ Ադրբեջանի ԱԳՆ-ն, իր հերթին, կոչ էր արել Վրաստանի պատրիարքարանին «չկրկնել Հայ եկեղեցու մոտեցումները» և նշել, որ Ադրբեջանի տարածքում գտնվող պատմամշակութային ու կրոնական նշանակության բոլոր օբյեկտները համարվում են ադրբեջանական ժողովրդի ազգային ժառանգությունը։



