«Ռոսատոմը» Հայաստանի հետ համագործակցում է «Նաիրիտ» նախագծի ուղղությամբ. Լիխաչով

Ռուսական «Ռոսատոմ»-ը Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» սինթետիկ կաուչուկի արտադրության գործարանի «աշխատանքային ժառանգության» վերացման ուղղությամբ: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը: «Հայաստանցի գործընկերների հետ աշխատում ենք «Նաիրիտ» նախագծի շուրջ, հուսով եմ՝ կկարողանանք օգնել»,- նշել է նա: Հայաստանում արդիական խնդիր է նախկին քիմիական համալիրում վտանգավոր նյութերից հանրային առողջության և անվտանգության ռիսկերը նվազեցնելու և բարձր ռիսկայնության արդյունաբերական տարածքը անվտանգ, օգտագործելի տարածքի վերածելու հարցը: Կառավարությունը 2025թ. հունիսի 26-ին հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Նաիրիտ» գործարանի բնապահպանական վերականգնման և ռեգեներացիայի ծրագրի նախապատրաստման համար դրամաշնորհի նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Դրա շրջանակներում 1,5 մլն դոլար դրամաշնորհ էր տրամադրվելու տալու Հայաստանին, որպեսզի նախապատրաստվեր «Նաիրիտ» գործարանի բնապահպանական վերականգնման և ռեգեներացիայի ծրագիրը։ Լիխաչովը Պուտինի հետ հանդիպմանը նաև հավելել է, որ աշխատանքները շարունակվում են նաև Հայաստանի ատոմակայանում: «Չի կարելի մի կողմ թողնել Հայաստանը, քանի որ մենք երկարեցնում ենք կայանի գործունեությունը: Այնտեղ ղեկավարությունը որոշում կկայացնի, թե ինչ ճանապարհով գնալ, բայց մենք այնտեղ ներկա ենք»,- ասել է Լիխաչովը: Հայաստանն արդեն հայտարարել է, որ աշխատանքներ է իրականացնում Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու ուղղությամբ, իսկ մինչ այդ քայլեր կձեռնարկվեն նոր ատոմակայան կառուցելու համար։ Որոշվել է, որ նոր ատոմակայանը լինելու է մոդուլային տեսակի։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14526

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով