ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակվում է Ռուսաստանի վառելիքաէներգետիկ համալիրի վերաբերյալ մի շարք տվյալների տարածումը, այդ թվում՝ ԶԼՄ-ներով և ինտերնետով։ Սահմանափակումները վերաբերում են էներգակիրների արտահանման ծավալներին, գներին, վաճառողներին ու գնորդներին, մատակարարման երթուղիներին, փոխադրողներին, պայմանագրերի հաշվարկներին և նավթավերամշակման գործարանների արտադրության ու վերամշակման ծավալներին։ Բացառություն է արվում այն տեղեկատվության համար, որը ընկերություններն ինքնուրույն հրապարակում են իրենց գործունեության վերաբերյալ։ ՌԴ իշխանությունները հրամանագրի ընդունումը կապել են ԱՄՆ-ի և դրան միացած երկրների «ոչ բարեկամական» գործողությունների հետ։ Reuters-ը նշում է, որ սահմանափակման նպատակներից մեկը կարող է լինել արևմտյան երկրների համար Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների պահպանման վերահսկողությունը բարդացնելը։



