Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Ուայթ Քեյնին։ Վարչապետը ողջունել է տիկին Քեյնի այցը Հայաստան և կարևորել Սպիտակ տան հավատքի հարցերով զբաղվող գրասենյակի հետ ձևավորված երկխոսությունը։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Ուայթ Քեյնի մասնակցությունն առաջիկա օրերին անցկացվելիք Հայաստանի Աղոթքի նախաճաշ երկրորդ միջոցառմանը։ Երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ այս միջոցառումը տարբեր երկրների մասնակիցների միջև անկեղծ քննարկումների հարթակ կստեղծի։ Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը ողջունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, հայ հոգևոր առաջնորդների և ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի միջև վերջերս կայացած հանդիպումը, ինչը ևս մեկ առիթ էր՝ ընդգծելու Հայաստան-Միացյալ Նահանգներ գործընկերությունը, ընդհանուր քրիստոնեական ժառանգությունն ու կիսվող արժեքները։ Ուայթ Քեյնը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության և Հայաստանի Աղոթքի նախաճաշ միջոցառմանը հրավիրելու համար։ Տիկին Քեյնը նշել է, որ շահագրգիռ են սերտորեն համագործակցել ինչպես ՀՀ Կառավարության, այնպես էլ ԱՄՆ-ի հայ հոգևոր առաջնորդների հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Աղոթքի նախաճաշ երկրորդ միջոցառման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15040

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով