Նեթանյահուն կարգադրել է ստուգել Իսրայել օտարերկրյա ավիաընկերությունների չվերթների անվտանգությունը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարգադրել է համապարփակ ստուգում անցկացնել Իսրայել օտարերկրյա ավիաընկերությունների քաղաքացիական չվերթների անվտանգության միջոցների վերաբերյալ՝ Դուբայից Թել Ավիվ թռչող Flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպից հետո։ Այս մասին հայտնում է Fox News-ը՝ վկայակոչելով Իսրայելի վարչապետի գրասենյակը։ «Վարչապետ Բենիամին Նեթանյահուն Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Շմուել Բեն-Էզրեին հանձնարարել է փորձագետ նշանակել՝ Իսրայել օտարերկրյա քաղաքացիական ավիափոխադրումների հետ կապված անվտանգության բոլոր ասպեկտների համապարփակ ստուգում իրականացնելու համար», – ասվում է հաղորդագրությունում։ Միևնույն ժամանակ Haaretz-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնում է, որ վերջին տարիներին Իսրայելի անվտանգության ծառայությունները բազմիցս զգուշացրել են տրանսպորտի նախարարությանն օտարերկրյա ավիաընկերությունների անձնակազմերի նկատմամբ վերահսկողության և ուղևորների ինքնության ստուգման հետ կապված խոցելիությունների մասին։ Թերթի տվյալներով՝ «Շին Բեթ» ընդհանուր անվտանգության ծառայությունը նախկինում առաջարկել էր օտարերկրյա ավիաընկերությունների և նրանց անձնակազմերի ցուցակների վերահսկողությունը փոխանցել Քաղաքացիական ավիացիայի վարչությանը, սակայն տրանսպորտի նախարարությունը դեմ է արտահայտվել և վերահսկողության մեխանիզմը թողել իր իրավասության ներքո։ Իսկ The Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնում է, որ Օմանի իշխանությունները չեն տեղեկացրել Իսրայելին Համամ ալ-Համամիի վերաբերյալ իրենց մտահոգությունների մասին, թեև տեղյակ են եղել նրա՝ արմատական գաղափարախոսության նկատմամբ չափազանց մեծ հետաքրքրության մասին։ Թերթի տվյալներով՝ դրա պատճառով նրան արգելել էին աշխատել Oman Air ավիաընկերությունում որպես օդաչու, ուղարկել էին վերաարմատականացման ծրագրի և տեղափոխել գրասենյակային աշխատանքի։ Associated Press-ը հայտնում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները Իսրայելին փոխանցել էին Flydubai-ի չվերթի ուղևորների և անձնակազմի ցուցակը։ Գործակալության աղբյուրների համաձայն՝ Իսրայելը ցուցակում ընդգրկված ոչ մի ուղևորի կամ անձնակազմի անդամի վերաբերյալ ահազանգ չի ստացել։ AP-ն նշում է, որ դեռևս պարզ չէ, թե ինչպես է Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Օմանի քաղաքացին թույլտվություն ստացել թռչել Թել Ավիվ։ Սեպտեմբերի 30-ի՝ չորեքշաբթի օրվա կեսօրին, ԱՄԷ-ից Իսրայել թռչող ինքնաթիռից Հորդանանի օդային տարածքում արտակարգ իրավիճակի ազդանշան էր փոխանցվել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ օդաչուներից մեկը, փորձելով ստանձնել ինքնաթիռի կառավարումը, դանակով վիրավորել էր հիմնական օդաչուին։ Հարձակվողին կարողացել էին վնասազերծել օդաչուն և ուղևորները, իսկ ինքնաթիռը վայրէջք էր կատարել Սաուդյան Արաբիայում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15044

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով