Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառն այն մասին, որ Աստված չէ չարիքի պատճառը

Բազում են մեզ ուսուցանվող վարդապետության օրինակները, որոնք Դավթի քահանայական սաղմոսների միջոցով ցույց են տալիս, որ ինքը՝ Դավիթը, զորացած էր Սուրբ Հոգով: Մարգարեն, իր կրքերի մասին մեզ պատմելով և իր առաքինասեր կյանքից օրինակներ բերելով, այդ առակավոր խոսքերի միջոցով մեզ հայտնապես ուսուցանում է համբերություն ունենալ, երբ, օրինակ, ասում է. «Տե՜ր, որքա՜ն շատացան ինձ նեղողները» (Սղմ. Գ 2): Երբեմն էլ սաղմոսերգուն Աստծու բարերարության հետ է մեզ «ծանոթացնում» և մատնացույց անում Տիրոջ զորավոր օգնականությունը, որը Նա շնորհում է Իրեն ճշմարտապես խնդրողներին: Այս առթիվ էլ Դավիթն ասում է. «Երբ ձայն տվի, իմ արդարության համար լսեցիր ինձ, Աստվա՛ծ» (Սղմ. Դ 2)՝ իր այս խոսքով երկրորդելով Եսայի մարգարեի արտահայտած այն միտքը, որ ամփոփված է հետևյալ խոսքի մեջ. «Մինչև դու խոսես, Նա կասի. «Ահա հասել եմ»» (Ես. ԾԸ 9), այսինքն՝ դու դեռ Աստծուն չդիմած՝ Նա կլսի քո կանչի ձայնը: Դարձյալ, սաղմոսերգուն Աստծուն պաղատել ու աղոթել է ուսուցանում մեզ՝ հետևյալ օրինակով փորձելով մեղքի մեջ եղողներին հաշտեցնել Տիրոջ հետ. «Տե՛ր, Քո զայրույթով մի՛ հանդիմանիր ինձ և Քո բարկությամբ ինձ մի՛ խրատիր» (Սղմ. Զ 2): Իսկ տասներկուերորդ սաղմոսում էլ Դավիթը փորձության մեջ ընկած մարդու պայքարն է մատնանշում՝ ասելով. «Տե՛ր, մինչև ե՞րբ պիտի իսպառ մոռանաս ինձ, մինչև ե՞րբ երեսդ պիտի դարձնես ինձնից» (Սղմ. ԺԲ 1):

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5740

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով