Ադրբեջանական լրատվամիջոցները նոր մանրամասներ են հրապարակում զինծառայող Նասիմի Մուսաևի անհետացման վերաբերյալ։ Նրա հարազատների փոխանցմամբ՝ զինծառայողի անհետանալուց առաջ զորամասում լուրջ միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում Մուսաևը խնդիրներ է ունեցել պայմանագրային զինծառայողների և ճաշարանի աշխատակցի հետ։ Հարազատներից մեկը պնդում է, որ միջադեպի հետաքննության ժամանակ մի քանի զինծառայող քննիչի ներկայությամբ հայտնել են, որ դեպքի օրը որոշ պայմանագրային զինծառայողներ, ենթադրաբար, եղել են ալկոհոլի ազդեցության տակ։ Այս տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվել։ Մուսաևի ընտանիքը կասկածի տակ է դնում նաև այն վարկածը, թե նա ինքնակամ լքել է զորամասը։ Հարազատների խոսքով՝ մի քանի օր շարունակ իրենք չեն կարողացել զորամասի հրամանատարությունից հստակ տեղեկություն ստանալ նրա գտնվելու վայրի մասին և դիմել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ու պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Մուսաևի՝ ծառայության վայրում չլինելու փաստով սեպտեմբերի 26-ին սկսվել են որոնողական աշխատանքներ, իսկ հետաքննության արդյունքում հիմքեր են հայտնաբերվել կարծելու, որ նա ինքնակամ լքել է զորամասը։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Հետագայում հաստատվել է, որ Մուսաևը գտնվում է Հայաստանում և ձերբակալվել է հայ իրավապահների կողմից։



