Շաքիի դեպքը շատ արագ դարձավ ներքաղաքական շահարկման նյութ։ Ընդդիմությունը փորձեց այն ամրագրել որպես իշխանության անվտանգության քաղաքականության ձախողում, իշխանամերձ շրջանակները՝ հնարավորինս մեղմել դրա նշանակությունը։ Այս երկուսի արանքում ստվերվեց հիմնական հարցը՝ ինչ է բացահայտում միջադեպը Հայաստանի սահմանային անվտանգության իրական վիճակի և Ադրբեջանի գործողությունների տրամաբանության մասին։ Փաստն ինքնին ծանր է։ Ադրբեջանցի զինծառայողը հատել է Հայաստանի սահմանը, հասել բնակավայր և կրակել քաղաքացու վրա։ Այստեղ իշխանության պատասխանատվությունը չափվում է շատ կոնկրետ հարցերով՝ ինչպես է հնարավոր եղել սահմանահատումը, որքան արագ է գործել որոնողական համակարգը և ինչու վտանգը ժամանակին չի չեզոքացվել։ Քաղաքական բացատրությունները երկրորդական են։ Նախ՝ պետք է հասկանալ՝ ինչու պետական համակարգը չի կանխել վտանգը։ Կարևոր է պարզել՝ ինչպես է հնարավոր դարձել սահմանահատումը, որ օղակն է թերացել և ինչ պետք է փոխվի, որպեսզի նույն վտանգը վաղը չկրկնվի։ Շաքիի դեպքը պետք է փորձել ըմբռնել Բաքվի վերջին քաղաքական ու քարոզչական քայլերի ընդհանուր շղթայում։ Ադրբեջանը հետևողականորեն փորձում է փոխել Ղարաբաղի պատմական ընկալումը՝ հայկական ժառանգությունը ներկայացնելով «կովկասյան աղվանական» մեկնաբանությամբ, իսկ հայկական հակադարձումը՝ «ռևանշիզմ»։ Պատմության վերաշարադրումը Բաքվին տալիս է նոր պահանջներ հիմնավորելու և դրանց համար քաղաքական հող պատրաստելու հնարավորություն։ Շաքիի դեպքն էլ պետք է հասկանալ այս ընդհանուր տրամաբանության մեջ։ Կովկասում քաղաքական պահանջները հաճախ նախ ձևավորվում են պատմության վերաշարադրմամբ։ Փոխվում են տեղանունների իմաստները, վերագրվում է մշակութային ժառանգությունը, ստեղծվում է անցյալի նոր պատկեր։ Հետո այդ պատկերը ծառայում է ներկա հավակնությունները հիմնավորելուն։ Այդ պատճառով հուշարձանի ծագման շուրջ վեճը կարող է ունենալ շատ ավելի մեծ քաղաքական հետևանք։ Բաքվի քաղաքական լեզուն հենց այս ուղղությամբ է զարգանում։ Ղարաբաղի հայկական անցյալը վերագրվում է աղվանական ժառանգությանը, «Արևմտյան Ադրբեջանը» պահպանվում է պաշտոնական ու հանրային խոսքում, իսկ «Զանգեզուր» անունը կապվում է Հայաստանի հարավի հետ։ Այս բառապաշարն ինքնին սահման չի փոխում, բայց աստիճանաբար ձևավորում է այն քաղաքական պատկերացումը, որի վրա հետո կարող են կառուցվել նոր պահանջներ։ Շաքիի դեպքը պետք է գնահատել նաև այս ընդհանուր քաղաքական ֆոնի վրա։ Միջադեպը ցույց տվեց սահմանային անվտանգության մի շարք խնդիրներ։ Պետության համար կարևոր է հասկանալ, թե ինչու համակարգը չկարողացավ վտանգը ժամանակին կանգնեցնել և ինչ պետք է փոխվի, որպեսզի նման իրավիճակը չկրկնվի։ Ներքաղաքական աղմուկը այստեղ միայն խանգարում է։ Ընդդիմությունը պետք է պահանջի պատասխանատվություն, իշխանամերձ շրջանակները՝ չփորձեն ամեն գնով արդարանալ։ Անվտանգության հարցը կուսակցական պայքարի նյութ դարձնելը վտանգավոր է, որովհետև այդ դեպքում խնդրի բովանդակությունը մղվում է հետին պլան։ Պետությանը օգտակար է ոչ թե պաշտպանական ռեֆլեքսը, այլ ճշգրիտ քննությունը և անհարմար հարցերին պատասխան տալու պատրաստակամությունը։ Հայաստանի ուժը իրավիճակը ճիշտ գնահատելու կարողությունն է։ Սխալ գնահատականը անվտանգության ռիսկ է։ Սահմանային միջադեպը, պատմական քարոզչությունը, նոր աշխարհագրական բառապաշարը և հասարակական անհանգստությունը կարող են տարբեր գործընթացներ լինել։ Պետության խնդիրը դրանց հնարավոր կապերը ստուգելն է՝ առանց ենթադրությունը փաստի տեղ դնելու Շաքիի դեպքից հետո առանցքային խնդիրը սա է՝ Հայաստանը կարո՞ղ է ժամանակին հասկանալ՝ գործ ունենք առանձին միջադեպի, թե ավելի լայն վտանգի նախանշանի հետ։ Դրա համար պետք է մի կողմ դնել քաղաքական պաշտպանությունն ու շահարկումը և կենտրոնանալ փաստերի, հնարավոր կապերի ու հետևանքների սթափ գնահատման վրա։ Բաքվի հետ խաղաղության գործընթացը անվտանգության պահանջը չի դարձնում պակաս կարևոր։ Այն պահանջում է ավելի զգոն սահմանային վերահսկողություն, ուժեղ հետախուզություն և սթափ քաղաքական գնահատում։ Խաղաղության օրակարգը չի կարող կառուցվել վտանգները անտեսելու վրա։ Եթե այդ զգոնությունը թուլանա, հասարակական վստահությունն էլ կթուլանա, իսկ խաղաղությունը՝ կդառնա ավելի փխրուն։ Շաքիի միջադեպը շատ ավելի լայն հարցեր բացեց, քան ինքնին դեպքն էր։ Այն ցույց տվեց, որ սահմանային անվտանգությունը միայն ֆիզիկական պաշտպանություն չէ։ Կարևոր են նաև արագ արձագանքը, ճիշտ գնահատումը և վտանգի վաղ կանխումը։ Պետության ուժը հենց այս կարողությունների համադրությամբ է չափվում։



