Ծեծից հետո փոխադարձ սպանության նախապատրաստություն․ 4 անձ ձերբակալվել է

Քրեական ոստիկանության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ 2026 թվականի հունվարի 21-ին Ծաղկաձորում Երևանի 33-ամյա բնակիչը, ընդգծելով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունենալու հանգամանքը, ևս երկու անձի հետ ծեծի է ենթարկել Երևանի բնակիչ 36-ամյա տղամարդուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Պարզվել է, որ դեպքից հետո 36-ամյա տղամարդը, չհանդուրժելով կատարվածը, նախապատրաստել է Երևանի 33-ամյա բնակչի սպանությունը և այդ նպատակով ապօրինի ձեռք է բերել հրազեն։ Իր հերթին նշված անձը, տեղեկանալով նրա մտադրության մասին, նույնպես ապօրինի ձեռք է բերել տարբեր տեսակի հրազեն՝ հարմար առիթի դեպքում նախահարձակ լինելու և նրան կյանքից զրկելու նպատակով։ Կոնֆլիկտը շարունակվել է նաև օգոստոսին։ 36-ամյա տղամարդը դեռևս չպարզված անձանց հետ Երևանի 33-ամյա բնակչի բնակության վայրի մոտակայքում նկատել է նրան և ավտոմեքենան վարել նրա ուղղությամբ։ Տեղի է ունեցել փոխադարձ հրաձգություն։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության նախապատրաստության, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու և զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության հատկանիշներով։ Նախաձեռնած քրեական վարույթի շրջանակում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Երևանի 33-ամյա բնակիչը ծրագրել է սպանել 36-ամյա տղամարդուն։ Իրավապահների ձեռնարկած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, սակայն, հանցագործության կատարումը կանխվել է։ Հոկտեմբերի 5-ին դատարանի որոշմամբ խուզարկություններ են կատարվել 33-ամյա տղամարդու, նրա հոր և ընկերոջ բնակության վայրերում։ Նրա բնակարանից հայտնաբերվել են 49 տարբեր տեսակի դեղահաբեր և մեթադոնային լուծույթով 3 սրվակ։ 33-ամյա տղամարդը, նրա 54-ամյա հայրը, 35-ամյա ընկերն ու Երևանի բնակիչ 36-ամյա տղամարդը ձերբակալվել են։ Հանգամանքները պարզվում են։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15074

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով