Մայր Աթոռը Ազգային ժողովում Հայ Առաքելական Եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծումը բացահայտ հակասահմանադրական է անվանել։ Էջմիածնի այս արձագանքը բացում է շատ ավելի մեծ հարց, քան իշխանություն–Կաթողիկոս հակամարտությունը։ Հարցը պետական իշխանության սահմանն է՝ ինչ կարող է քննել պետությունը, և ինչն արդեն Եկեղեցու ինքնավարության տարածքն է։ Հիմնական հարցն այստեղ մեկն է՝ մինչև ո՞ւր է հասնում պետության իրավասությունը, և ո՞ր կետից է սկսվում Եկեղեցու ինքնավարությունը։ Հանձնաժողովի պետք է անդրադառնա Եկեղեցու ներքին ճգնաժամին, դրա հետևանքներին և նույնիսկ այն հարցին, թե ինչպես է Եկեղեցին կատարում ազգային ինքնության, մշակույթի ու հոգևոր կյանքի պահպանման իր պատմական առաքելությունը։ Սա արդեն սահմանադրական բարդ տարածք է։ Պետությունը լիարժեք իրավունք ունի զբաղվելու ցանկացած հնարավոր հանցագործությամբ։ Եկեղեցական կարգավիճակը անձեռնմխելիություն չի տալիս։ Հարկային խախտումը, բռնությունը, ապօրինի գույքը կամ քրեական օրենքով նախատեսված որևէ արարք պետք է քննվեն նույն սկզբունքներով, որոնք գործում են յուրաքանչյուր քաղաքացու համար։ Դրա համար պետությունն ունի քննիչ, դատախազ և դատարան։ Եկեղեցու ներքին կառավարումը, կանոնական հարաբերությունները կամ հոգևոր առաքելության կատարման որակը այլ հարթություն են։ Դրանց խորհրդարանական գնահատումը պետությանը մոտեցնում է մի սահմանագծի, որի հատումը վաղ թե ուշ խնդիր է ստեղծում արդեն հենց պետության համար։ Սակայն այս կետում ամբողջ պատասխանատվությունը պետության վրա դնելը նույնպես սխալ կլինի։ Հայ Առաքելական Եկեղեցին երեք տասնամյակից ավելի ապրում է անկախ պետականության պայմաններում։ Այդ ժամանակը պետք է բավական լիներ սեփական կառավարման մշակույթը վերանայելու, փակ համակարգերը բացելու, հաշվետվողականության և թափանցիկության նոր չափանիշներ ձևավորելու, հասարակության հետ հարաբերությունները վերակառուցելու և սեփական պատմական առաքելությունը նոր հանրապետության պայմաններում վերարժևորելու համար։ Պետականության բացակայության դարերում Եկեղեցին հաճախ ստիպված էր իր վրա վերցնել պետությանը բնորոշ գործառույթներ՝ պահել ինքնությունը, կրթությունը, համայնքային կազմակերպումը, նույնիսկ քաղաքական ներկայացուցչության որոշ տարրեր։ Անկախ պետության պայմաններում այդ ժառանգությունը պահանջում էր վերաիմաստավորում։ Եկեղեցին այդ ամբողջ ճանապարհը լիարժեք չի անցել։ Եկեղեցու ներսում տարիներով կուտակվել են խնդիրներ՝ փակ կառավարում, ֆինանսների շուրջ հարցեր, թույլ հաշվետվողականություն, հոգևորականների քաղաքական ներգրավվածություն և նոր սերնդից հեռացում։ Այս խնդիրները երկար ժամանակ մնացել են առանց բավարար լուծման։ Եկեղեցին պետք է այնքան ուժ գտներ իր ներսում բարեփոխվելու, հասունանալու և վերափոխվելու համար, որպեսզի պետությունը երբեք առիթ չունենար մտնելու այս դաշտ։ Սեփական ինքնավարությունը պահպանելու լավագույն միջոցը միայն սահմանադրական պաշտպանությանը հղում անելը չէ։ Ինքնավար հաստատությունը նաև ինքնամաքրման կարողություն պետք է ունենա։ Սա Եկեղեցու ամենադժվար բաց թողնված հնարավորությունն է։ Հայաստանի Սահմանադրությունը ճանաչում է Հայ Առաքելական Եկեղեցու բացառիկ առաքելությունը և միաժամանակ պահպանում կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը։ Այդ կառուցվածքի իմաստը պատմական դերակատարությունն ու իրավական անկախությունը համատեղելն է։ Ուստի Մայր Աթոռի հակասահմանադրականության փաստարկը պետք է լուրջ ընդունել։ Բայց նույնքան լուրջ պետք է ընդունել նաև այն հարցը, որն այսօր հնչում է հասարակության ներսից. ինչո՞ւ Եկեղեցին ինքն իր ներսում չկարողացավ տարիներ շարունակ լուծել այն խնդիրները, որոնք այժմ դարձել են քաղաքական իշխանության միջամտության պատճառ։ Պետությունը չի կարող իր վրա վերցնել Եկեղեցու բարեփոխման գործը։ Բայց Եկեղեցին էլ չի կարող անընդհատ հետաձգել սեփական վերափոխումը՝ ապավինելով միայն իր պատմական դերին և ինքնավարությանը։ Այս հարցն արդեն դուրս է եկել ներեկեղեցական վեճի սահմաններից։ Հայաստանը փորձում է ամրանալ եվրոպական քաղաքական ու իրավական տարածքում, իսկ այնտեղ կրոնական ազատությունն ու ինքնավար հաստատությունների պաշտպանությունը հիմնարար սկզբունքներ են։ Միաժամանակ տարածաշրջանում հայկական եկեղեցական ժառանգությունն ինքնության և պատմական հիշողության կարևոր մաս է։ Ուստի պետությունն ու Եկեղեցին այստեղ պատասխանատվություն ունեն ոչ միայն իրենց, այլև երկրի հանդեպ։ Պետությանը պետք է ինքնուրույն, արդիական և վստահություն վայելող Եկեղեցի։ Եկեղեցուն՝ օրենքով սահմանափակված և իր իրավասությունները հարգող պետություն։ Եթե կա հանցագործություն, այն պետք է քննվի իրավական ճանապարհով։ Եթե կա եկեղեցական ճգնաժամ, դրա լուծումը պետք է փնտրել Եկեղեցու ներսում։ Խորհրդարանը կոչված է վերահսկելու կառավարությանը։ Եկեղեցին իր հերթին պետք է կարողանա կարգավորել և նոր ժամանակներին համապատասխանեցնել սեփական կյանքը։



