Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ դատապարտում է հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի օդանավակայանի վրա, որի հետևանքով զոհեր և վիրավորներ են գրանցվել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: «Չինաստանը դատապարտում է զգալի թվով զոհերի և վիրավորների պատճառ դարձած հարձակումը և լուրջ մտահոգություն հայտնում հակամարտության սրման կապակցությամբ։ Չինաստանը մշտապես դեմ է արտահայտվել խաղաղ բնակիչների և քաղաքացիական օբյեկտների թիրախավորմանը», – նշել է ԱԳՆ խոսնակ Մաո Նինը: Նա հավելել է, որ Պեկինը կոչ է անում համապատասխան կողմերին զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են ավելի սրել տարածաշրջանային լարվածությունը, տարաձայնություններն ու վեճերը լուծել երկխոսության և բանակցությունների միջոցով, ինչպես նաև հնարավորինս շուտ հասնել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման: Եմենի հութիները դարձյալ թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները և էներգետիկ օբյեկտները: Էր Ռիադի միջազգային օդանավակայանին հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվել: Հոկտեմբերի 10-ին օդանավակայանի վրա հութիների հարձակումներից 13 մարդ էր զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվել: Թուրքիան, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Եգիպտոսը դատապարտել են հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա, շեշտել աջակցությունն այդ սպառնալիքները կանխելուն ուղղված օրինական միջոցներին ու քայլերին:



