Հայաստանի քաղաքական մտքի կարողությունների մասին պատկերացում կազմելու համար բավական է հետևել Թրամփի և Պուտինի վերջին գործարքի շուրջ արձագանքներին։ Ազգային-հայրենասիրական շրջանակներում հրճվանք է։ Տպավորություն է ստեղծվում, որ Վաշինգտոնն ու Մոսկվան համաձայնության են եկել նախ Զելենսկուն, ապա Փաշինյանին հեռացնելու շուրջ։ Արևմտամետ շրջանակներում հիասթափություն է։ Թրամփը «ծախեց Ուկրաինան», Ամերիկան դավաճանեց իր արժեքներին։ Երկու արձագանքներն էլ մատնում են հայկական քաղաքական մտածողության վաղեմի հիվանդությունը։ Միջազգային հարաբերությունները շարունակում ենք դիտարկել անձնական համակրանքների, հավատարմության և քաղաքական նախասիրությունների ակնոցով։ Մինչդեռ հոկտեմբերի 9-ի ռուս-ամերիկյան գործարքը միջազգային քաղաքականության դասագիրք է։ Մերձավոր Արևելքում պատերազմի հետևանքով խաթարված էներգակիրների մատակարարումները, վառելիքի գների աճը և ամերիկյան տնտեսության վրա ուժեղացող ճնշումը Թրամփին ստիպել են գործարքի գնալ Պուտինի հետ։ Վաշինգտոնը փորձում է մեղմել իր իսկ ռազմական քաղաքականության տնտեսական հետևանքները, իսկ Մոսկվան ստեղծված իրավիճակն օգտագործում է պատժամիջոցների ճնշումը թուլացնելու և միջազգային էներգետիկ շուկայում իր դիրքերն ամրապնդելու համար։ Պուտինն էլ, Թրամփն էլ առաջնորդվում են սեփական հաշվարկներով։ Թրամփը ձգտում է զսպել վառելիքի թանկացումը և նվազեցնել տնտեսական դժգոհության ընտրական հետևանքները։ Պուտինը փորձում է այդ անհրաժեշտությունը վերածել Ռուսաստանի համար տնտեսական ու քաղաքական առավելության՝ մեղմելով պատժամիջոցների ճնշումը և ամրապնդելով Մոսկվայի դիրքերը Վաշինգտոնի հետ հետագա բանակցություններում։ Սա է գործարքի քաղաքական տրամաբանությունը։ Սակայն պայմանավորվածությունը Վաշինգտոնում քաղաքական կոնսենսուս չունի։ Այն քննադատում են նաև հանրապետական օրենսդիրները։ Ուկրաինային ամերիկյան աջակցությունը շարունակում է ունենալ ինստիտուցիոնալ հենարաններ։ Գործարքի հայտարարումը դեռևս չի նշանակում Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան ամբողջ քաղաքականության վերանայում։ Այստեղ է հայկական քննարկումներից գրեթե ամբողջությամբ բացակայող քաղաքականության բուն էությունը։ 1972 թվականին Նիքսոնը մեկնեց Պեկին և հանդիպեց Մաո Ցզեդունին։ Երկու տասնամյակ գաղափարական ու աշխարհաքաղաքական թշնամության մեջ գտնվող պետությունները համագործակցության ճանապարհ բացեցին՝ փոխելով Սառը պատերազմի ուժերի հարաբերակցությունը։ Վաշինգտոնը հաշվի էր առնում Խորհրդային Միության դեմ ռազմավարական հավասարակշռությունը։ Պեկինը ձգտում էր դուրս գալ միջազգային մեկուսացումից և ապահովել սեփական անվտանգությունը։ Այդ շրջադարձի համար նրանցից որևէ մեկը գաղափարական հավատափոխության կարիք չունեցավ։ Թրամփը կարող է այսօր համաձայնության գալ Պուտինի հետ, վաղը վերականգնել պատժամիջոցները, իսկ հետագայում կրկին դիմել բանակցությունների։ Յուրաքանչյուր որոշում պայմանավորված կլինի տվյալ պահին ամերիկյան շահերով, քաղաքական ու տնտեսական հաշվարկներով և ուժերի փոփոխվող հարաբերակցությամբ։ Միջազգային քաղաքականության մեջ բարոյական գնահատականները կարևոր են, սակայն որոշումների վրա վճռական ազդեցություն ունեն ուժերի հարաբերակցությունը, տնտեսական անհրաժեշտությունը, ներքին քաղաքական հաշվարկը և բանակցային լծակները։ Հայաստանին հատկապես անհրաժեշտ է յուրացնել այս դասը։ Մեր քաղաքական միտքը երկար տարիներ զբաղված է եղել արտաքին հովանավորի որոնմամբ։ Երեկ Ռուսաստանի հավերժական բարեկամության առասպելն էր, այսօր որոշ շրջանակներում նույն սպասումները տեղափոխվել են Վաշինգտոն և Բրյուսել։ Արտաքին քաղաքականությունը չի կարող կառուցվել օտարերկրյա առաջնորդների քաղաքական երկարակեցության կամ նրանց անձնական նախասիրությունների վրա։ Դրանք փոփոխական մեծություններ են։ Պետական շահը շարունակական պատասխանատվություն է։ Հայաստանի արևմտյան կողմնորոշումը պետք է բխի երկրի անվտանգության, ինքնիշխանության, տնտեսական զարգացման և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման երկարաժամկետ նպատակներից։ Այդ ընտրությունը չի պահանջում հավատարմության երդում Թրամփին կամ որևէ եվրոպացի առաջնորդի։ Այն պահանջում է շահերի հստակ սահմանում, պայմանագրային հարաբերություններ և հետևողական դիվանագիտություն։ Կարճաժամկետ հեռանկարում Հայաստանը պետք է գնահատի ամերիկա-ռուսական հնարավոր մերձեցման ազդեցությունը Հարավային Կովկասի վրա, ամրապնդի Վաշինգտոնի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման մեխանիզմները և բացառի տարածաշրջանային գործընթացներում սեփական շահերի շրջանցումը։ Միջնաժամկետ խնդիրը մեր աշխարհաքաղաքական նշանակության մեծացումն է։ TRIPP-ը, տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը, Իրանի հետ էներգետիկ համագործակցությունը, եվրոպական շուկաների հասանելիությունը և պաշտպանական կարողությունների զարգացումը պետք է վերածվեն փոխկապակցված ռազմավարության։ Հայաստանն իր գործընկերներին պետք է առաջարկի տնտեսական ու անվտանգային շոշափելի շահեր։ Այդպիսով մեծանում է նաև մեր երկրի հետ համագործակցությունը պահպանելու նրանց հետաքրքրությունը։ Երկարաժամկետ հեռանկարում Հայաստանը պետք է ձևավորի ինքնուրույն որոշումներ կայացնելու նյութական կարողություն։ Դիվերսիֆիկացված տնտեսություն, ժամանակակից բանակ, էներգետիկ անկախության բարձր մակարդակ, մրցունակ տեխնոլոգիական ոլորտ և ամուր պետական հաստատություններ։ Դիվանագիտության ազդեցությունը վերջնականապես որոշվում է նաև այս ռեսուրսներով։ Թրամփի և Պուտինի գործարքը հիշեցնում է միջազգային հարաբերությունների հիմնարար օրինաչափությունը։ Պետությունները կարող են պայքարել, բանակցել, առևտուր անել և կրկին հայտնվել հակամարտության մեջ։ Քաղաքական համակրանքները պայմանագրային պարտավորություններ չեն ստեղծում։ Դաշնակցային հարաբերություններն անգամ ենթակա են ազգային շահերի շարունակական վերագնահատման։ Հայաստանի քաղաքական հասունության չափանիշն էլ պետք է փոխվի։ Մոսկվայում կամ Վաշինգտոնում կայացված յուրաքանչյուր որոշում սեփական քաղաքական հաղթանակ կամ պարտություն համարելու սովորությունը մեզ պահում է ուրիշների օրակարգերի գերության մեջ։ Մեծ տերությունների գործարքները շարունակվելու են։ Երբեմն դրանք կհամընկնեն մեր շահերին, երբեմն լուրջ մարտահրավերներ կստեղծեն։ Հայաստանի խնդիրը յուրաքանչյուր նոր գործարքի շուրջ հրճվելը կամ ողբալը չէ։ Մեր խնդիրը սեփական ռազմավարությունն ունենալն է, փոփոխվող աշխարհում մանևրելու կարողությունը պահպանելը և այնպիսի պետություն կառուցելը, որի շահերն անտեսելը գործընկերների համար նույնպես գին կունենա։ Արտաքին քաղաքականության գլխավոր չափանիշը պետք է լինի Հայաստանի շահը։ Այդ շահը պաշտպանելու համար անհրաժեշտ են սթափ հաշվարկ, սեփական ուժ և աշխարհի հետ գործ ունենալու քաղաքական հասունություն։



