Հոկտեմբերի 10-ին Հայաստանի վարչապետի մասնակցությամբ Ամուլսարում ցուցադրվեց առաջին ոսկու ձուլակտորը։ Մի քանի օր անց Երևանը հյուրընկալելու է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Այս երկու իրադարձությունների համադրությունը Հայաստանի կառավարության բնապահպանական քաղաքականության վերաբերյալ ծանր հարցեր է առաջացնում։ Մինչ այդ «Լիդիան Արմենիան» դատական հայցեր է ներկայացրել բնապահպան իրավապաշտպաններ Նազելի Վարդանյանի և Թեհմինե Ենոքյանի դեմ՝ յուրաքանչյուրից պահանջելով վեց միլիոն դրամ և հրապարակային հերքում։ Հայաստանի Հանրապետությունն ընկերության 12,5 տոկոսի սեփականատերն է։ Պետությունը, լինելով ընկերության համասեփականատեր, կրում է նաև նրա գործունեության քաղաքական ու բարոյական պատասխանատվությունը։ Նազելի Վարդանյանը տասնամյակներ շարունակ զբաղվել է բնապահպանական խնդիրներով՝ պաշտպանելով հանրային շահը, բնությունն ու քաղաքացիների իրավունքները։ Նրա գործունեության առանձնահատուկ էջերից է նաև Հունգարիայում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի շահերի երկարամյա պաշտպանությունը, որը նա իրականացրել է սեփական միջոցներով։ Այսօր նույն իրավաբանը ստիպված է դատարանում պաշտպանել իր խոսքի իրավունքը մի ընկերության հայցից, որի բաժնետերերից է Հայաստանի Հանրապետությունը։ Թեհմինե Ենոքյանը ևս երկար տարիներ պայքարում է բնապահպանական խնդիրների բարձրաձայնման և հանրային վերահսկողության համար։ Նրա դեմ ներկայացված հայցը վերաբերում է Ամուլսարում ջրի ենթադրյալ աղտոտման և հրդեհների մասին հրապարակմանը։ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH), Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպությունը (OMCT) և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտը» հոկտեմբերի 9-ին ահազանգել են, որ այս դատական գործընթացներն ունեն հանրային մասնակցության դեմ ուղղված ռազմավարական հայցերի՝ SLAPP-ի հատկանիշներ։ Նրանց կոչը միանշանակ է՝ հետ վերցնել հայցերը։ Հաջորդ օրը քաղաքացիական հասարակության տասնյակ ներկայացուցիչներ հանդես եկան մեկ այլ հայտարարությամբ՝ դատապարտելով հանքի շահագործման մեկնարկը։ Նրանք պահանջում են դադարեցնել աշխատանքները, իրականացնել շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատում և վերանայել ծրագրին տրամադրված պետական աջակցությունը։ Բնապահպանների բարձրացրած խնդիրները չափազանց լուրջ են։ Բեռնի կոնվենցիայի շրջանակում Հայաստանի ստանձնած պարտավորությունները, 2019 թվականի ELARD և TRC փորձագիտական եզրակացության մեջ արձանագրված բացթողումները, Արփայի և Որոտանի ջրային համակարգերի, Սևանի ու Ջերմուկի հնարավոր ռիսկերը պահանջում են հրապարակային, մասնագիտական և սպառիչ պատասխաններ։ Այդ մտահոգությունների առկայությամբ հանդիսավոր արարողությունը դեռևս հանրային վստահության վերականգնման ապացույց չէ։ Ամուլսարի տնտեսական նշանակությունն ակնհայտ է։ Հայաստանը ներդրումների, աշխատատեղերի և պետական եկամուտների կարիք ունի։ Սակայն տնտեսական շահի հետ պետությունը ժառանգում է նաև պատասխանատվություն։ Հանքարդյունաբերության պատմությունը լի է երկրների օրինակներով, որոնք ընդերքից հարստություն են ստացել՝ հետագա սերունդներին թողնելով բնապահպանական և սոցիալական ծանր պարտավորություններ։ Հայաստանի համար այս հարցն ունի նաև արտաքին քաղաքական նշանակություն։ Երևանը եվրոպական գործընկերներին ներկայանում է ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքների և կանաչ զարգացման օրակարգով։ COP17-ի նախագահությունը միջազգային վստահության բացառիկ հնարավորություն է։ Այդ վստահությունը պահանջում է սեփական երկրում նույն սկզբունքների հետևողական կիրառում։ Բեռնի և Օրհուսի կոնվենցիաները Հայաստանի միջազգային պարտավորությունների մասն են։ Եվրոպայի խորհուրդը 2024 թվականին հատուկ հանձնարարական է ընդունել հանրային մասնակցությունը ճնշող ռազմավարական հայցերի դեմ։ Հետևաբար Ամուլսարի շուրջ ծավալվող իրադարձությունները գնահատվելու են նաև Հայաստանի ժողովրդավարական և միջազգային հանձնառությունների համատեքստում։ Կառավարությունը պետք է հրապարակայնորեն ներկայացնի իր դիրքորոշումն իրավապաշտպանների դեմ հայցերի վերաբերյալ և օգտագործի բաժնետիրոջ իր հնարավորությունները՝ դրանց հետկանչին հասնելու համար։ Անհրաժեշտ են անկախ փորձագիտական գնահատականների հրապարակում, բնապահպանական ռիսկերի վերաբերյալ բաց քննարկումներ և արդյունավետ հակա-SLAPP օրենսդրական երաշխիքներ։ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակում հատկապես մտահոգիչ է կառավարության լռությունը։ Հանրային վստահությունը պահանջում է հստակ պատասխաններ, բաց քննարկում և հաշվետվողականություն։ Իրավապաշտպանների դեմ դատական հայցերն ավելի են խորացնում տարիներով կուտակված անվստահությունը և լուրջ հարցականի տակ դնում իշխանության հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին։ Ամուլսարի առաջին ձուլակտորն արդեն ցուցադրված է։ Սակայն Հայաստանի համար շատ ավելի կարևոր է այն քաղաքական և բարոյական հաշվեկշիռը, որով այս ծրագիրը մտնելու է երկրի պատմության մեջ։ Ոսկու պաշարները սպառվող են։ Պետության հեղինակությունը, հանրային վստահությունն ու քաղաքացու ազատությունը վերականգնելը կարող է անհամեմատ ավելի թանկ արժենալ։



