Իսրայելի հարձակումը Գազայի հատվածի վրա, անկասկած, «ցեղասպանություն» է, և այն իրականացնողներին չպետք է թույլ տրվի խուսափել պատասխանատվությունից։ Ինչպես տեղեկանում է Կատարի պետական լրատվական գործակալությունից (QNA), այս մասին հայտարարել է Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանին Շուրայի խորհրդում (Կատարի խորհրդարան) իր ելույթում։ «Պաղեստինի հարցը մնում է մեր առաջնահերթությունների առանցքային տեղում, և մենք հաստատում ենք, որ Գազայի հատվածում տեղի ունեցածը, անկասկած, ցեղասպանություն է, և դրա մեղավորները չպետք է խուսափեն պատասխանատվությունից: Մենք զգուշացնում ենք եղբայրական Պաղեստինի ժողովրդի դեմ Իսրայելի շարունակական ագրեսիվ գործելաոճից բխող վտանգների մասին, որոնցից ամենավերջինը վերաբնակների հարձակումներն են Արևմտյան ափում պաղեստինցիների վրա՝ բանակի պաշտպանությամբ, ինչպես նաև ալ-Ակսա մզկիթ բազմակի ներխուժումները և միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների բազմաթիվ խախտումները», – հայտարարել է էմիրը։ Նա նաև նշել է, որ Հորմուզի նեղուցի փակումը և Կատարի ամենամեծ արդյունաբերական և էներգետիկ կենտրոնի՝ «Ռաս Լաֆֆան» արդյունաբերական քաղաքի վնասվելը հանգեցրել են պետության արտահանման զգալի մասի խաթարման։ «Կատարն ապահովում է աշխարհի հեղուկացված բնական գազի առևտրի մոտավորապես մեկ հինգերորդը, և այս ոլորտի ցանկացած խափանում արագ ազդեցություն է ունենում ամբողջ աշխարհի շուկաների և սպառողների վրա», – նշել է նա։ Միաժամանակ էմիրը հավելել է, որ ներկայիս ճգնաժամից առաջ Կատարի վարած քաղաքականությունը հնարավորություն է տվել պետությանը մինչ օրս մեղմել ճգնաժամի հետևանքները։ Կատարի էմիրը նշել է, որ երկրի տնտեսական ոլորտի ներուժը շարունակում է աճել՝ չնայած միջազգային իրավիճակին։ Շեշտելով իր երկրի առանցքային դերը միջազգային էներգետիկ շուկայում՝ նա ընդգծել է, որ Կատարը ներկայիս ճգնաժամից դուրս կգա ավելի ճկուն և համաշխարհային փոփոխություններին հարմարվող։ Էմիրը հայտարարել է, որ Իրանի կողմից երկրի տարածքը հարձակումների է ենթարկվել. նա դրանք որակել է որպես «ինքնիշխանության կոպիտ խախտում»։



