Սաուդյան Արաբիան և Եմենի հութիները շարունակում են փոխադարձ հարվածները

Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ հոկտեմբերի 13-ի երեկոյան Զահրան քաղաքում գտնվող «Արամկո» պետական նավթային ընկերությանը պատկանող վարչական շենքը թիրախավորվել է։ Այնտեղ փոքր հրդեհ է բռնկվել։ Այս մասին հաղորդում է Saudi News-ը։ Հարձակման հետևանքով տուժածներ չկան։ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի խոսնակ Թուրքի ալ-Մալիքին հայտնել է ալ-Խարջ նահանգում հրթիռ որսալու և ոչնչացնելու մասին։ Նա նաև նշել է, որ կոալիցիան հարվածներ է հասցնում Եմենում հութիների էներգետիկ տերմինալներին և վառելիքի պաշարներին։ Սաուդյան Արաբիայի Քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հայտնել է, որ Էր Ռիադում երկու հրթիռի որսալու ժամանակ ընկնող բեկորներից չորս մարդ է վիրավորվել, 15 ​​բնակելի տներին պատճառվել է նյութական վնաս։ Հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ռազմական ինքնաթիռներն ավիահարված են հասցրել Ջաբալ Հաբաշիի շրջանի ալ-Ահջաֆ գյուղի մի քանի տան: Հարձակման հետևանքով վիրավորվել է վեց խաղաղ բնակիչ, հիմնականում՝ կանայք և երեխաներ, ինչպես նաև ավերվել են բազմաթիվ տներ։ Հութիների խոսնակ Յահյա Սարին X-ում գրառման մեջ հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Սաուդյան Արաբիայի ռազմական ինքնաթիռները 104 ավիահարված և հրթիռային հարձակում են իրականացրել մայրաքաղաք Սանայում և շուրջ մեկ տասնյակ նահանգներում քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ՝ պատճառ հանդիսանալով զոհերի ու վիրավորների։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15721

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով