Հոկտեմբերի 15-ին Բաքվում անցկացվող Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների խորհրդակցության (CICA) 7-րդ գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպումից հետո նրա հայտարարությունները բացահայտել են թուրք-ադրբեջանական ռազմավարական դաշինքում առկա տարաձայնությունները։ Ֆիդանը հիշեցրել է պատերազմի և ճգնաժամերի տարիներին ձևավորված «մի ազգ, երկու պետություն» սկզբունքը՝ միաժամանակ ընդունելով առանձին հարցերում Անկարայի և Բաքվի մոտեցումների տարբերությունը։ Նա կարևորել է այդ տարաձայնությունների հաղթահարումը՝ ռազմավարական հարաբերությունների հետագա թուլացումը կանխելու համար։ Դիվանագիտական այս բառապաշարը պատահական չէր։ Անկարան հարկ համարեց հրապարակայնորեն հիշեցնել Բաքվին համատեղ անցած ճանապարհը և այդ ճանապարհի քաղաքական պարտավորությունները։ Ֆիդանի խոսքում հատկապես ուշագրավ էր պատերազմի հիշատակումը։ Դա ուղղակիորեն առնչվում է Իլհամ Ալիևի հոկտեմբերի 2-ի ելույթին, որի ընթացքում Ադրբեջանի նախագահը փորձեց 2020 թվականի հաղթանակը ներկայացնել բացառապես սեփական պետության ձեռքբերում։ Ադրբեջանական հաղթանակի այդ մեկնաբանությունը պատմությունից դուրս է թողնում Թուրքիայի վճռորոշ դերակատարությունը։ Անկարայի քաղաքական, ռազմական և դիվանագիտական աջակցությունը պատերազմի կարևորագույն գործոններից էր։ 2023 թվականի սեպտեմբերին Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական վերահսկողության հաստատումն ու հայ ազգաբնակչության բռնի տեղահանությունը ևս տեղի ունեցան թուրք-ադրբեջանական ռազմավարական դաշինքի պայմաններում։ Պատերազմի տարիներին Թուրքիայի ցուցաբերած աջակցությունն այսօր Անկարայի համար քաղաքական պահանջների հիմք է դարձել։ Էրդողանը, ըստ ամենայնի, Ալիևին հիշեցնում է, որ ադրբեջանական հաղթանակի դիմաց Թուրքիան նույնպես իր ակնկալիքներն ունի։ Այժմ առանցքային հարցն այն է, թե ադրբեջանական հաղթանակում ունեցած իր վճռորոշ ներդրման դիմաց Անկարան ի՞նչ է պահանջում Բաքվից և ի՞նչ դեր է ակնկալում Հարավային Կովկասի հետպատերազմյան կարգի ձևավորման գործում։ Թուրքիայի հավակնությունները վաղուց գերազանցում են Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների շրջանակը։ Հարավային Կովկասը Անկարայի համար ռազմավարական հանգույց է, որը կապում է Կասպից ավազանի էներգետիկ պաշարները, Կենտրոնական Ասիայի շուկաները և եվրոպական տնտեսական տարածությունը։ Տրանսպորտային միջանցքների վերահսկողությունը Թուրքիային տալիս է տարածաշրջանային ազդեցությունն աշխարհաքաղաքական կշռի վերածելու հնարավորություն։ Ռազմական հաղթանակից հետո Ալիևը ձգտում է ամրապնդել Ադրբեջանի ինքնուրույն դերակատարությունը տարածաշրջանում և ընդլայնել սեփական քաղաքական ազդեցությունը։ Թուրքիայի աջակցությունը շարունակում է կարևոր մնալ Բաքվի համար, սակայն Ալիևը մտադիր չէ Անկարային զիջել Ադրբեջանի արտաքին քաղաքական որոշումները տնօրինելու իրավունքը։ Հենց այստեղ էլ բախվում են երկու դաշնակիցների աճող հավակնությունները։ Թուրք-ադրբեջանական տարաձայնությունների հիմքում հետպատերազմյան Հարավային Կովկասում ազդեցության, ռազմավարական հաղորդուղիների և տարածաշրջանային որոշումների նկատմամբ վերահսկողության հարցն է։ Երկու դաշնակիցներն էլ ձգտում են առավելագույն քաղաքական ու տնտեսական շահ ստանալ ադրբեջանական հաղթանակից։ Բաքվում Ֆիդանի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը բացահայտում է զարգացումների աշխարհաքաղաքական մյուս շերտը։ Բանակցություններից հետո Լավրովը կրկին օրակարգ է բերել «3+3» ձևաչափը՝ առաջարկելով հաջորդ նախարարական հանդիպումն անցկացնել Բաքվում, այնուհետև՝ Երևանում։ Մոսկվան փորձում է պահպանել իր մասնակցությունը Հարավային Կովկասի ապագայի շուրջ որոշումների կայացմանը՝ այդ հարցում բանակցելով նաև Անկարայի հետ։ Ուկրաինական պատերազմի հետևանքով Հարավային Կովկասում զգալիորեն թուլացած Ռուսաստանը փորձում է վերականգնել իր ազդեցությունը տարածաշրջանային որոշումների վրա։ Անկարան իր հերթին շարունակում է Մոսկվայի հետ շահերի համաձայնեցման քաղաքականությունը։ Սիրիայի փորձը ցույց է տվել, որ թուրք-ռուսական մրցակցությունը չի խանգարում կողմերին ազդեցության գոտիների շուրջ պայմանավորվել՝ հաճախ երրորդ երկրների շահերի հաշվին։ Հարավային Կովկասում նման գործարքի հնարավորությունը Հայաստանի համար լուրջ քաղաքական ռիսկ է։ «3+3»-ի վերակենդանացման փորձն այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի։ Տարածաշրջանային համագործակցության անվան տակ կարող է ձևավորվել քաղաքական պայմանավորվածությունների համակարգ, որի ներսում Հայաստանին վերապահված կլինի արդեն համաձայնեցված որոշումներին հարմարվելու դեր։ Հատկապես այժմ, երբ Միացյալ Նահանգների մասնակցությամբ հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը նոր հնարավորություններ է ստեղծել Երևանի համար։ Թուրքիայի նկատմամբ անվստահության նշաններ են հայտնվում նաև ադրբեջանական հանրային դաշտում։ Բաքվում մտավախություն կա, որ Անկարան կարող է Ադրբեջանի շահերը դարձնել Մոսկվայի հետ սակարկության առարկա։ Այդ մտահոգությունն ունի պատմական հիմք։ Կովկասի անցյալը հարուստ է մեծ տերությունների գործարքներով, որոնց հետևանքները տասնամյակներ շարունակ կրել են տարածաշրջանի ժողովուրդները։ Սակայն թուրք-ադրբեջանական տարաձայնություններից Հայաստանի համար նպաստավոր զարգացումներ ակնկալելը վտանգավոր ինքնախաբեություն կլինի։ Անկարան և Բաքուն ունեն ընդհանուր ռազմավարական շահեր, իսկ նրանց հակասությունները կարող են հանգուցալուծվել փոխադարձ զիջումներով, այդ թվում՝ Հայաստանի շահերի հաշվին։ Երևանը պետք է առաջնորդվի այս իրողության սթափ գնահատմամբ։ Հայ-ամերիկյան պայմանավորվածությունների իրականացումը, Եվրոպայի հետ տնտեսական և անվտանգության կապերի խորացումը, տարածաշրջանային հաղորդակցությունների նկատմամբ Հայաստանի ինքնիշխան վերահսկողության ամրապնդումը պետք է դառնան արտաքին քաղաքականության առաջնահերթությունները։ Հայաստանի դիրքերն անհրաժեշտ է ամրապնդել սեփական նախաձեռնություններով՝ առանց Անկարայի, Բաքվի կամ Մոսկվայի միջև հնարավոր հակասություններից կախվածության։ Այսօր Թուրքիան Ադրբեջանին հիշեցնում է պատերազմի ընթացքում ստանձնած պարտավորությունները, Ռուսաստանը փորձում է վերականգնել իր ազդեցությունը տարածաշրջանային գործընթացների վրա, իսկ Ալիևը ձգտում է ռազմական հաղթանակը վերածել արտաքին քաղաքական առավելագույն ինքնուրույնության։ Նրանց շահերի բախման և հնարավոր համաձայնությունների կենտրոնում Հարավային Կովկասի ապագա քաղաքական ու տնտեսական կառուցվածքն է։ Հայաստանի առաջնահերթությունը սեփական շահերը պաշտպանելու և տարածաշրջանային որոշումների վրա ազդելու կարողության ամրապնդումն է։ Պատմական փորձը բազմիցս ցույց է տվել ուրիշների հակասությունների վրա կառուցված քաղաքականության ծանր գինը։ Երևանի հնարավորությունները պետք է ձևավորվեն հետևողական դիվանագիտությամբ, հուսալի միջազգային գործընկերություններով և պետության տնտեսական ու անվտանգային ներուժի ամրապնդմամբ։ Հայաստանը չպետք է դառնա ադրբեջանական հաղթանակի դիմաց Անկարայի պահանջած քաղաքական հատուցումը։



