Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները նպաստում են կարգավորման գործընթացի առաջմղմանը. հայտարարել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլին՝ Երևանում։ Ըստ Յումաքլիի՝ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները շարունակում են զարգանալ։ «Թուրքիան ցանկանում է նպաստել տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման հաստատմանը»,- ասել է նա՝ հավելելով,- «Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները շարունակում են թափ հավաքել՝ ուղղված կարգավորմանը։ Կարգավորման գործընթացը մեկնարկել է 2022 թվականի հունվարին և լրացուցիչ խթան է ստացել «Թուրքական ավիաուղիների» չվերթների մեկնարկով։ Մեր նախագահի և պարոն Փաշինյանի միջև հանդիպումները նպաստում են կարգավորման գործընթացը նոր մակարդակի բարձրացնելուն»։ Յումաքլին ընդգծել է, որ Թուրքիան շարունակում է գործընթացը՝ հաշվի առնելով տարածաշրջանում առկա հանգամանքները։ «Հուսով եմ, որ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում առկա դրական դինամիկան և կարգավորման գործընթացի արագացումը զգալի օգուտներ կբերեն երկու ժողովուրդներին, ինչպես նաև ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանին», — ասել է Թուրքիայի նախարարը։ Յումաքլին անդրադարձել է նաև Երևանում անցկացվող՝ կլիմայի փոփոխությանն առնչվող միջոցառումներին։ Նրա խոսքով՝ հանդիպումը հաջող է անցել, և հնչած ուղերձները պետք է հասնեն միջազգային հանրությանը։



