Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանի և Թբիլիսիի միջև երկկողմ հարաբերությունների զարգացումը պահանջում է հստակ և թափանցիկ գործնական շրջանակի մշակում՝ իրականացման կոնկրետ ժամանակացույցով։ Իրանի նախագահն այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպմանը, որը կայացել է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակում։ Փեզեշքիանը նշել է երկու երկրների միջև տնտեսական, մշակութային և զբոսաշրջային կապերի աճը՝ միաժամանակ քննադատելով Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները։ Նա նաև ընդգծել է, որ Իրանը սկզբունքորեն դեմ է միջուկային զենքի ստեղծմանը, իսկ երկրի դեմ ուղղված ապակառուցողական քարոզչությունն անհիմն է։ Կոբախիձեն իր հերթին հայտարարել է, որ Վրաստանի դիրքորոշումը հարևան երկրների նկատմամբ թափանցիկ է, և Թբիլիսին դեմ է այլ պետությունների ներքին գործերին արտաքին միջամտությանը։ Նա հույս է հայտնել, որ արտաքին գործերի նախարարությունների համակարգված աշխատանքի շնորհիվ երկու երկրները կկարողանան նոր պայմանավորվածություններ ձեռք բերել տնտեսության և զբոսաշրջության ոլորտներում։



