Սեպտեմբերի 23-ին Վարշավայի մերձակայքում հրկիզվել էր Starlink արբանյակային կապի վերգետնյա կայանը։ Լեհաստանի իշխանությունները միջադեպը որակել էին նպատակային դիվերսիա՝ դրա կազմակերպման մեջ կասկածելով Ռուսաստանին։ Այժմ հետաքննության ընթացքում ի հայտ են եկել նոր մանրամասներ, որոնք մատնանշում են թուրքական կազմակերպված հանցավոր խմբավորման հնարավոր մասնակցությունը։ Սեպտեմբերի 23-ին Վարշավայի մերձակայքում գտնվող Վոլյա Կրոբովսկա գյուղում հրկիզվել էր Starlink արբանյակային կապի վերգետնյա կայանը։ Լեհաստանի իշխանությունները տեղի ունեցածը որակել էին նպատակային դիվերսիա՝ դրա կազմակերպման մեջ կասկածելով Ռուսաստանին։ Սեպտեմբերի 25-ին դատախազությունը հետաքննություն էր սկսել նաև օտարերկրյա հետախուզության օգտին ահաբեկչական բնույթի հանցագործության կասկածանքով։ Թիրախի ընտրությունը պատահական չի թվում։ Starlink-ը կարևոր դեր ունի Ուկրաինայի զինված ուժերի կապի ապահովման և ռազմական գործողությունների համակարգման գործում։ Հոկտեմբերի 16-ին գերմանական Der Spiegel-ը հրապարակել է հետաքննության նոր մանրամասներ։ Ըստ պարբերականի՝ հրկիզման հետևում կարող է կանգնած լինել թուրքական «Դալթոններ» հանցավոր խմբավորումը, որի անդամները, հնարավոր է, գործել են ռուսական հատուկ ծառայությունների պատվերով։ Այս վարկածի հիմքում Գերմանիայում հոկտեմբերի 12-ին իրականացված ձերբակալություններն են։ Լեհաստանի պահանջով Նյուրտինգեն քաղաքում ձերբակալվել են Թուրքիայի երկու քաղաքացիներ՝ 38-ամյա Յումիթ Է.-ն և 34-ամյա Մյուսլյում Թ.-ն։ Ըստ Der Spiegel-ի աղբյուրների՝ նրանք ենթադրաբար կապված են «Դալթոնների» հետ կամ գործել են խմբավորման ներկայացուցիչների հանձնարարությամբ։ Շտուտգարտի դատարանը պետք է որոշի նրանց Լեհաստանին արտահանձնելու հարցը։ Հետաքննության այս ուղղությունը կարևոր է նաև ավելի լայն առումով։ Եթե կասկածները հաստատվեն, լեհական միջադեպը կարող է վկայել, որ ռուսական հատուկ ծառայություններն իրենց դիվերսիոն գործողություններում սկսել են օգտվել եվրոպական երկրներում արդեն գործող կազմակերպված հանցավոր ցանցերի հնարավորություններից։ Այս պատմության առավել ուշագրավ հանգամանքը հենց հնարավոր կատարողների ինքնությունն է։ «Դալթոնները» թուրքական կազմակերպված հանցավոր աշխարհի հայտնի խմբավորումներից են։ Նրանց գործունեությունը տարածվել է նաև Գերմանիայում և եվրոպական այլ երկրներում։ Խմբավորման անվան հետ են կապվում պատվերով սպանություններ, զինամթերքի ապօրինի առևտուր, գործարարներից շորթումներ և զինված հաշվեհարդարներ։ Թուրքիայի իրավապահների ուշադրության կենտրոնում խմբավորումը հայտնվել է նաև Ստամբուլում հայտնի փաստաբան Սերդար Օքթեմի սպանության առնչությամբ։ Ավելի հետաքրքիր է խմբավորման ղեկավար Բերաթջան Գյոքդեմիրի պատմությունը։ Der Spiegel-ի տեղեկություններով՝ նրան ձերբակալել էին Ռուսաստանում։ Անկարան պահանջել էր արտահանձնումը, սակայն Մոսկվան նրան Թուրքիային այդպես էլ չի փոխանցել։ Փորձագետները դեռ այն ժամանակ ենթադրում էին, որ ռուսական կողմը կարող էր խմբավորման հետ համագործակցության սեփական հաշվարկներն ունենալ։ Գյոքդեմիրի ներկայիս գտնվելու վայրն անհայտ է։ Այս դրվագը նոր նշանակություն է ստանում լեհական հետաքննության համար։ Առայժմ հրապարակված չեն Մոսկվայի և խմբավորման միջև ենթադրյալ պատվերի, ֆինանսավորման կամ անմիջական կապի ապացույցները, սակայն խմբավորման ղեկավարին ձերբակալելուց հետո Թուրքիային չարտահանձնելու Մոսկվայի որոշումը նոր հարցեր է առաջացնում Ռուսաստանի և «Դալթոնների» հնարավոր կապերի վերաբերյալ։ Der Spiegel-ը ուշադրություն է հրավիրում ռուսական դիվերսիոն գործողությունների հնարավոր փոփոխության վրա։ Եվրոպայում նախկինում բացահայտված բազմաթիվ դիվերսիաների կազմակերպման համար ռուսական հատուկ ծառայությունները ներգրավել են մանր հանցագործների կամ հեշտ հավաքագրվող անձանց, որոնք համեմատաբար փոքր գումարներով համաձայնել են հրկիզումներ իրականացնել, վնասել ենթակառուցվածքներ և տեղեկություններ փոխանցել։ Կազմակերպված հանցավոր խմբավորումների ներգրավումը կարող է զգալիորեն ընդլայնել այդ հնարավորությունները։ Նման կառույցներն արդեն ունեն մարդկանց հավաքագրելու, սահմաններ հատելու, ապօրինի ֆինանսական փոխանցումներ կատարելու և բռնի գործողություններ կազմակերպելու փորձառություն։ Պատվիրատուի համար լրացուցիչ առավելություն է անմիջական մասնակցությունը քողարկելու հնարավորությունը։ Գործողության բացահայտման դեպքում առաջին հերթին երևում են քրեական աշխարհի ներկայացուցիչները, իսկ պատվերի քաղաքական հասցեատիրոջ հայտնաբերումը պահանջում է լրացուցիչ հետաքննություն։ Այս հավանականությունը եվրոպական անվտանգության ծառայությունների համար նոր խնդիր է առաջադրում։ Քրեական ցանցերը կարող են ծառայել որպես օտարերկրյա հետախուզությունների գործիք, իսկ սովորական թվացող հանցագործությունները ձեռք բերել ազգային անվտանգության նշանակություն։ Լեհական գործի հետագա ընթացքը վճռորոշ կլինի։ Քննիչները պետք է պարզեն ձերբակալվածների կապը խմբավորման հետ, վերականգնեն նրանց գործողությունների հաջորդականությունը և բացահայտեն հնարավոր պատվիրատուներին։ Եթե Der Spiegel-ի հրապարակած տեղեկությունները հաստատվեն, Վարշավայի մերձակայքում տեղի ունեցած հրկիզումը կվկայի ռուսական դիվերսիոն գործունեության վտանգավոր զարգացման մասին։ Մոսկվան կարող է եվրոպական կազմակերպված հանցավորությունը վերածել արտաքին քաղաքականության և հիբրիդային պատերազմի գործիքի։ Եվրոպայի համար սա արդեն լուրջ նախազգուշացում է։ Հաջորդ թիրախը կարող է լինել ցանկացած ենթակառուցվածք, որի խափանումը ձեռնտու կլինի Կրեմլին։



