Ռուսաստանը Հայաստանի նոր ատոմակայանի կառուցումը դիտարկում է որպես երկրի էներգետիկ ապագայի վրա իր ազդեցությունը պահպանելու ռազմավարական հնարավորություն։ «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչյովը հոկտեմբերի 16-ին հայտարարել է, որ Երևանից չափազանց դրական ազդակներ է ստանում Հայաստանում 1000 մեգավատ հզորությամբ նոր ատոմային էներգաբլոկ կառուցելու վերաբերյալ։ Սեպտեմբերի 29-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ռուսական կողմի լավատեսությունը նկատելիորեն աճել է։ Մոսկվայի լավատեսությունը դժվար է պատահական համարել։ «Ռոսատոմի» ղեկավարի խոսած «չափազանց դրական ազդակները» հուշում են, որ Երևանի հետ քննարկումներն արդեն որոշակի արդյունք են տվել, և ռուսական առաջարկը լրջորեն դիտարկվում է։ Թե որքան հեռու են գնացել այդ քննարկումները, հայտնի չէ։ Երևանը դեռ վերջնական որոշման մասին չի հայտարարել, իսկ կառավարության ծրագիրը նոր ատոմակայանի տեխնոլոգիան ընտրելու համար ժամանակ է նախատեսում մինչև 2027 թվականի վերջը։ Սակայն Լիխաչյովի ընդգծված լավատեսությունը հիմք է տալիս ենթադրելու, որ ռուսական առաջարկն արդեն որոշակի առավելություն է ստացել։ Հետևաբար հարց է առաջանում՝ արդյոք Հայաստանի համար այսքան կարևոր ռազմավարական ընտրությունը փաստացի կատարվում է միջազգային մյուս առաջարկների լիարժեք ուսումնասիրությունից առաջ։ Հայաստանի համար սա առաջիկա տասնամյակների ամենածանրակշիռ ռազմավարական որոշումներից է։ Ատոմակայանի կառուցման պայմանագիրը կարող է որոշել երկրի էներգետիկ համակարգի ճակատագիրը մինչև այս դարի վերջը։ Կայանի հետ գալիս են վառելիքի մատակարարման, տեխնիկական սպասարկման, անվտանգության, ֆինանսավորման և մասնագետների պատրաստման երկարաժամկետ պարտավորություններ։ Այդ ամբողջ շղթան քաղաքական նշանակություն ունի։ Հայաստանն արդեն անցել է այս ճանապարհով։ Անկախությունից հետո տնտեսական ծանր պայմաններում ռուսական կապիտալին փոխանցվեցին երկրի կենսական ենթակառուցվածքների կարևոր հատվածները։ Էներգետիկ համակարգի շուրջ գործարքները հաճախ ներկայացվում էին որպես տնտեսական անհրաժեշտություն։ Տասնամյակներ անց դրանց քաղաքական հետևանքները շարունակում են սահմանափակել Հայաստանի որոշումների ազատությունը։ Նույն պատմության հերթական գլուխը գրելու իրավունք այլևս չունենք։ «Ռոսատոմի» միջազգային փորձը և ռուսական տեխնոլոգիաների հետ հայ մասնագետների երկարամյա աշխատանքը կարևոր հանգամանքներ են, որոնք պետք է հաշվի առնել։ Սակայն նման մասշտաբի որոշումը չի կարող հիմնվել միայն նախկին համագործակցության վրա։ Անհրաժեշտ է գնահատել ռուսական առաջարկի իրական արժեքը, պատերազմի պայմաններում դրա իրականացման հնարավորությունները և այն երկարաժամկետ պարտավորությունները, որոնք Հայաստանը ստանձնելու է առաջիկա տասնամյակների համար։ Ռուսաստանի միջուկային արդյունաբերության փորձը կասկածից վեր է։ Սակայն այդ փորձի զգալի մասը ձևավորվել է բոլորովին այլ պայմաններում։ «Ռոսատոմի» արտասահմանյան խոշոր նախագծերը մեկնարկել են մինչև 2022 թվականի պատերազմը։ Այսօր Ռուսաստանի տնտեսությունն աշխատում է պատերազմի ծանր բեռի տակ, և Հայաստանը սեփական փորձով գիտի, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ Մոսկվայի ստանձնած պարտավորությունների կատարման համար։ 2023 թվականին արդեն ակնհայտ էր, որ Մոսկվան չի կատարել շուրջ 400 միլիոն դոլարի սպառազինության մատակարարման պարտավորությունները։ Երևանը վճարել էր, բայց զենքը չէր ստացել։ Հետագայում այդ գումարի հաշվանցման հարցը նույնիսկ միջպետական պարտքի քննարկման առարկա դարձավ։ Այստեղից առաջանում է միանգամայն գործնական հարց. եթե Ռուսաստանը չկարողացավ ժամանակին իրականացնել 400 միլիոն դոլարի պայմանագիրը, ի՞նչ երաշխիքով ենք նրան վստահելու մի քանի միլիարդ դոլար արժողությամբ ատոմակայանի կառուցումը։ Ի՞նչ կլինի, եթե պատերազմի հետևանքով առաջանան նոր ֆինանսական խնդիրներ, սարքավորումների մատակարարման խափանումներ կամ տարիների ձգձգումներ։ Հայաստանի համար այսքան կարևոր ռազմավարական նախագիծը չի կարելի կառուցել չհիմնավորված վստահության և չհաշվարկված ռիսկերի վրա։ Սխալի գինը երկիրը կարող է վճարել տասնամյակներ շարունակ։ Թուրքիայի Աքքույուի օրինակը հատկապես ուսանելի է։ 2010 թվականին համաձայնեցված ավելի քան 20 միլիարդ դոլարանոց նախագիծը կառուցվում է ռուսական ֆինանսավորմամբ և վերահսկողությամբ։ Առաջին էներգաբլոկի գործարկումը տարիներով հետաձգվել է։ Այսօր «Ռոսատոմը» կրկին նոր ժամկետներ է հայտարարում։ Աքքույուի օրինակը ցույց է տալիս, որ ատոմակայանի իրական գինը կարող է շատ ավելի բարձր լինել նախնական հաշվարկներից։ Շինարարության ձգձգումները, լրացուցիչ ծախսերն ու երկարաժամկետ պարտավորությունները կարող են տասնամյակներով ծանրանալ պետության վրա։ Ֆինլանդիայի փորձը ևս կարևոր նախազգուշացում է։ 2022 թվականին Հելսինկին հրաժարվեց ռուսական մասնակցությամբ «Հանհիկիվի-1» ատոմակայանի նախագծից։ Հետևեցին իրավական և ֆինանսական երկարատև վեճեր։ Նախկինում ընդունված որոշման վերանայումը վերածվեց հարյուրավոր միլիոնների հասնող պարտավորությունների շուրջ միջազգային իրավական հակամարտության։ Հայաստանի պարագայում խնդիրը բազմապատկվում է երկրի փոքր էներգահամակարգի առանձնահատկություններով։ 1000 մեգավատանոց մեկ էներգաբլոկի շահագործումը պահանջում է ցանցի կայունության, պահուստային հզորությունների, տարածաշրջանային էլեկտրահաղորդման կապերի և ապագա սպառման վերաբերյալ մանրակրկիտ հաշվարկ։ Կառավարությունն էլեկտրաէներգիայի պահանջարկի աճը կապում է նաև նոր ներդրումների և արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման հետ։ Ուշագրավ է, որ հոկտեմբերի 8-ին ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը Հրազդանում կառուցվող արհեստական բանականության կենտրոնը ներկայացրել էր որպես հնարավոր սպառնալիք Ռուսաստանի, Իրանի և տարածաշրջանի մյուս երկրների համար՝ պնդելով, որ այն կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից։ Այս որոշումն առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի արտաքին քաղաքական վերադասավորումների պայմաններում։ Երևանը խորացնում է հարաբերությունները ԱՄՆ-ի և Եվրամիության հետ, փորձում է նվազեցնել Ռուսաստանից ժառանգած ռազմավարական կախվածությունները և ընդլայնել սեփական որոշումների ազատությունը։ Հենց այս պահին Մոսկվային նոր ատոմակայանի կառուցումը վստահելը կարող է տասնամյակներով ամրապնդել նրա ազդեցությունը Հայաստանի էներգետիկ համակարգում՝ սահմանափակելով նաև երկրի արտաքին քաղաքական դիվերսիֆիկացման հնարավորությունները։ Կրեմլի համար ատոմային արդյունաբերությունը վաղուց արտաքին քաղաքականության գործիք է։ Միջուկային տեխնոլոգիաների արտահանումը ստեղծում է երկարատև տնտեսական և ինստիտուցիոնալ կապեր։ Մեծ տերությունների մրցակցության այս դարաշրջանում նման կապերը ռազմավարական կշիռ են ստանում։ Ուստի Հայաստանի կառավարությունը պարտավոր է ապահովել իրական միջազգային մրցակցություն՝ ամերիկյան, ֆրանսիական, հարավկորեական, չինական և ռուսական առաջարկների համակողմանի ուսումնասիրությամբ։ Հասարակությունը պետք է իմանա յուրաքանչյուր նախագծի ամբողջական արժեքը, ֆինանսավորման աղբյուրները, վառելիքի մատակարարման պայմանները, տեխնիկական սպասարկման պարտավորությունները և հնարավոր քաղաքական սահմանափակումները։ Որոշման համար անհրաժեշտ է անկախ միջազգային փորձաքննություն, խորհրդարանական վերահսկողություն և հրապարակային մասնագիտական քննարկում։ Առանձնապես վտանգավոր կլինի մրցույթի քաղաքական արդյունքը նախապես կանխորոշելը՝ հետագայում դրա համար տնտեսական հիմնավորումներ որոնելով։ Հայաստանն այսօր հնարավորություն ունի վերաձևակերպելու իր էներգետիկ ապագան։ Ատոմակայանի ընտրությունը նաև տարածաշրջանային տնտեսական դերակատարության հարց է։ TRIPP-ի հեռանկարը, հարևանների հետ էլեկտրացանցերի փոխկապակցումը, արդյունաբերական նոր ներդրումները և թվային տնտեսության զարգացումը Հայաստանի առջև որակապես նոր պահանջներ են դնում։ Էներգետիկան պետք է ծառայի այդ փոփոխություններին և մեծացնի պետության գործելու ազատությունը։ Լիխաչյովի լավատեսությունը Մոսկվայի գործն է։ Հայաստանի կառավարությունն իր հերթին պարտավոր է պարզաբանել ռուսական առաջարկի նկատմամբ ձևավորվող վերաբերմունքը։ Այս մասշտաբի որոշման շուրջ անորոշությունը քաղաքական գին ունի, իսկ հրապարակային դրական ազդակները կարող են վաղաժամ բանակցային առավելություն տալ ռուսական կողմին։ Մեծ ենթակառուցվածքները երկար են ապրում դրանք կառուցող կառավարություններից։ Դրանց հետ կնքված պայմանագրերը հաճախ վերապրում են նաև քաղաքական դաշինքները։ Հայաստանի նոր ատոմակայանը կծառայի այն սերունդներին, որոնք այսօրվա որոշումների ընդունմանը մասնակցելու հնարավորություն չունեն։ Նրանց ժառանգություն թողնենք հուսալի էներգահամակարգ և ինքնուրույն պետություն։ Հայաստանի հաջորդ ատոմակայանի հետ միասին չպետք է կառուցվի Հայաստանի հաջորդ կախվածությունը։



