Իտալիայի Բարի քաղաքի արվարձանում գտնվող Նոր Արաքս գյուղի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ հոկտեմբերի 19-ին տեղի կունենա «Նոր Արաքսը և հայերը Բարիում. ազգային և օտարերկրյա մամուլում (1924–1962)» գրքի շնորհանդեսը։ Այս մասին տեղեկանում է Բարիում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսությունից։ Ավելի քան 250 էջից բաղկացած այս աշխատությունը ներառում և վերլուծում է 38 տարվա պատմություն՝ հիմնված մամուլի հրապարակումների ընդարձակ հավաքածուի վրա։ Գրքում զետեղված են Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների, նաև դրանց հաջորդած ժամանակաշրջանների վերաբերյալ տեղեկություններ։ Լրագրող Սիրանուշ Կուարանտայի և պրոֆեսոր Կառլո Կոպպոլայի համահեղինակությամբ գրված այս գիրքը մանրակրկիտ կերպով ներկայացնում է հայ համայնքի ձևավորման և զարգացման պատմությունը՝ սկսած Բարի ժամանելուց մինչև Նոր Արաքսի հիմնադիր, արևմտահայ նշանավոր բանաստեղծ, մտավորական և հասարակական գործիչ Հրանտ Նազարյանցի մահը։ Գիրքը հիմնված է իտալական և միջազգային մամուլի աղբյուրների վերլուծության, նաև արժեքավոր, մեծ մասամբ չհրապարակված պատկերագրական նյութերի վրա։ Գրքի շնորհանդեսին նվիրված միջոցառումը կմեկնարկի Բարիի քաղաքապետ Վիտո Լեչեզեի և Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանի առաջին խորհրդական Գեղամ Ադամյանի ողջույնի խոսքով։ Գրքի բովանդակությունը կներկայացնեն հեղինակներ Սիրանուշ Կուարանտան և Կառլո Կոպպոլան։ Քննարկումը կվարի և կհամակարգի «La Gazzetta del Mezzogiorno» պարբերականի գլխավոր խմբագիր Միմմո Մազցան՝ զրուցելով Բարիում Հայաստանի պատվավոր հյուպատոս Դարիո Ռուպեն Թիմուրյանի հետ, որը նաև աշխատության համահեղինակներից է։ Միջոցառման ընթացքում նախատեսված է նաև մաեստրո Մարկո Միշանիայի երաժշտական կատարումը։ Միջոցառումը կանցկացվի Բարիի համայնքապետարանի Էնրիկո Դալֆինոյի անվան դահլիճում։ Հիշեցնենք, որ 1926 թվականին Նոր Արաքս գյուղը հիմնվել է Հայոց ցեղասպանությունից փրկված 100-150 հայ փախստականների ապաստան տրամադրելու համար։



