Հայաստանի իշխանության վերջին հայտարարություններն ու քայլերը մտահոգիչ պատկեր են ուրվագծում։ Արարատ Միրզոյանը հայ-ռուսական հարաբերություններն անվանում է եղբայրական, Նիկոլ Փաշինյանը ՌԴ երկաթուղիների ղեկավարի հետ հանդիպմանը համաձայնում է աշխատանքային խումբ ստեղծել՝ կոնցեսիայի հետ կապված խնդիրները քննարկելու համար, իսկ «Ռոսատոմի» ղեկավարը հայտնում է նոր ատոմակայանի կառուցման հարցում Հայաստանից ստացած դրական ազդակների մասին։ Մի քանի օրվա ընթացքում հնչած այս հայտարարություններն ու ձեռք բերված պայմանավորվածությունները Մոսկվայի հետ հարաբերություններում հնարավոր նոր շրջադարձի տպավորություն են ստեղծում։ Առավել մտահոգիչ է ռուսական ազդեցության առանցքային լծակների պահպանման և ընդլայնման հեռանկարը։ Հայաստանի ոչ վաղ անցյալը նման զարգացումներին հանգիստ վերաբերվելու որևէ հիմք չի տալիս։ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանի կայացրած որոշումը մեկ օրում խափանեց Հայաստանի եվրոպական ինտեգրման տարիների աշխատանքը՝ երկիրն առավել ամուր կապելով Ռուսաստանի ազդեցության համակարգին։ Դրա հետևանքներն առավել ակնառու դարձան հաջորդ տասնամյակում։ 2020 թվականի պատերազմը, 2021–2022 թվականների ադրբեջանական ռազմական ներխուժումները և 2023 թվականի Արցախի հայաթափումը բացահայտեցին ռուսական անվտանգության երաշխիքների սնանկությունը։ Հայաստանը վճարեց ռազմավարական կախվածության ամենածանր գինը՝ ճակատագրական փորձությունների ժամանակ մնալով առանց այն պաշտպանության, որի դիմաց տարիներ շարունակ սահմանափակել էր սեփական ընտրության ազատությունը։ Այսօր պատմական այդ դասը նոր նշանակություն է ստանում՝ հատկապես միջազգային իրադրության վերջին փոփոխությունների պայմաններում։ Ռուս-ամերիկյան դիզելային համաձայնությունը, ռուսական էներգակիրների նկատմամբ ամերիկյան որոշ պատժամիջոցների ժամանակավոր մեղմացումը և Ուկրաինայի հարցում Վաշինգտոնի քաղաքականության փոփոխությունները Մոսկվայի համար նոր հնարավորություններ են ստեղծում։ Ռուսաստանը տնտեսական որոշակի շնչառություն է ստանում, իսկ Կիևի նկատմամբ ամերիկյան ճնշման ուժեղացումը կարող է թուլացնել ուկրաինական դիմադրությունը և նպաստել ռուսական դիրքերի ամրապնդմանը ռազմաճակատում։ Կրեմլը նաև հնարավորություն է ստանում վերականգնելու իր միջազգային կշիռը, մինչդեռ պատերազմը շարունակվում է։ Այս փոփոխություններն ուղղակիորեն առնչվում են նաև Հարավային Կովկասին։ Վաշինգտոնի հետ հնարավոր նոր պայմանավորվածություններից ուժ ստացող Մոսկվան կարող է կրկին հավակնել տարածաշրջանում իր նախկին ազդեցության վերականգնմանը։ Հայաստանի վրա ճնշման մեծացման վտանգն առավել լուրջ է հենց հիմա, երբ Երևանը փորձում է ամրապնդել կապերը ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ՝ աստիճանաբար ազատվելով ռուսական կախվածությունից։ Մոսկվայի դիրքերի հնարավոր ամրապնդումը Հայաստանի համար զգոնությունը կորցնելու իրավունք չի թողնում։ Ռուսաստանն արդեն վերահսկում է Հայաստանի գազամատակարարման առանցքային համակարգը, կառավարում է երկաթուղիները և շարունակում է կարևոր դեր ունենալ ատոմային էներգետիկայում։ Հայկական գյուղմթերքի արտահանման զգալի մասը կախված է ռուսական շուկայից, բազմաթիվ ընտանիքների եկամուտները՝ Ռուսաստանում աշխատելու հնարավորությունից։ Այս կախվածություններից յուրաքանչյուրը կարող է քաղաքական ճնշման գործիք դառնալ։ Մոսկվան դրա պատրաստակամությունը բազմիցս ցուցադրել է։ Առանձնապես վտանգավոր է նոր ատոմակայանի շուրջ հնարավոր հապճեպ համաձայնությունը։ Ատոմակայանի կառուցումը ենթադրում է տասնամյակների ֆինանսական, տեխնոլոգիական և վառելիքային պարտավորություններ։ Այսօր կայացվող որոշումը կարող է կանխորոշել Հայաստանի էներգետիկ ինքնուրույնությունը հաջորդ կես դարի համար։ Այդպիսի ընտրությունը պահանջում է միջազգային իրական մրցակցություն և այլընտրանքների համակողմանի գնահատում։ Նույնքան կարևոր է երկաթուղիների ճակատագիրը։ TRIPP-ի և տարածաշրջանային նոր տարանցիկ նախագծերի պայմաններում Հայաստանի երկաթուղային համակարգը ձեռք է բերում ռազմավարական նոր արժեք։ Ռուսական կոնցեսիայի պահպանումը կարող է սահմանափակել մեր մասնակցությունը ձևավորվող աշխարհատնտեսական համակարգին՝ հատկապես Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցների պայմաններում։ Հերթական հանձնաժողովը հազիվ թե լուծի տարիներով կուտակված խնդրի ռազմավարական էությունը։ Հայաստանի առաջ այսօր հազվադեպ հնարավորություն է ստեղծվել։ Խաղաղության գործընթացը, ԱՄՆ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները և եվրոպական ինտեգրման հեռանկարը կարող են երկիրը դուրս բերել աշխարհաքաղաքական երկարատև կախվածությունից։ Այդ հնարավորությունը դեռ փխրուն է, իսկ ժամանակը՝ սահմանափակ։ Միջազգային ուժերի հարաբերակցության յուրաքանչյուր փոփոխություն կարող է բարդացնել Հայաստանի ինքնուրույն ընթացքը։ Հենց այստեղ է թաքնված Մոսկվայի հին թակարդը։ Տնտեսական արտոնությունը ժամանակի ընթացքում վերածվում է քաղաքական պարտավորության, իսկ ճգնաժամի պահին՝ շանտաժի։ Կախվածությունը պարան է պետության վզին։ Այն ամեն օր ձգելու անհրաժեշտություն չկա։ Բավական է, որ մյուս ծայրը մնա Կրեմլի ձեռքում։ 2013 թվականի դասը պետք է դառնա Հայաստանի իշխանության յուրաքանչյուր ռազմավարական որոշման ուղեցույցը։ Մոսկվայի հետ նոր համաձայնությունները պետք է ծառայեն երկրի ինքնուրույնության ամրապնդմանը և նվազեցնեն արտաքին ճնշման լծակները։ Այսօր էներգետիկայի, երկաթուղիների ու տնտեսական հաղորդակցությունների շուրջ կայացվող որոշումներից է կախված, թե առաջիկա տասնամյակներում որքան ազատ կլինի Հայաստանը սեփական ճակատագիրը տնօրինելու հարցում։ Հայաստանը չի կարող վստահ քայլել դեպի Եվրոպա՝ իր տնտեսական ապագայի կենսական լծակները թողնելով Մոսկվայի ձեռքում։ Անկախությունը սեփական ճակատագիրը տնօրինելու իրական կարողությունն է։ Իսկ քանի դեռ Հայաստանի կենսական համակարգերի վերահսկողությունը Մոսկվայի ձեռքում է, մեր յուրաքանչյուր ինքնուրույն որոշում կարող է ունենալ Կրեմլի սահմանած գինը։ 2013 թվականի սխալի հետևանքները Հայաստանը կրում է մինչ օրս։ Պատմությունը մեզ երկրորդ անգամ նույն գինը վճարելու հնարավորություն այլևս չի թողել։



