Եվրոպան վերացրել է մաքսատուրքը. Հայաստանը պատրա՞ստ է արտահանել

Ռուսաստանի սահմանած առևտրային սահմանափակումների հետևանքով Հայաստանի արտահանումը մինչև տարեվերջ կարող է կրել շուրջ 260 միլիոն դոլարի կորուստ։ Եվրամիության տրամադրած մաքսային լայնածավալ արտոնությունները Հայաստանի համար հնարավորություն են ստեղծում ընդլայնելու արտահանումը դեպի եվրոպական շուկա և աստիճանաբար նվազեցնելու կախվածությունը Ռուսաստանից։ Սակայն Հայկազ Ֆանյանի գլխավորած ACSES վերլուծական կենտրոնի նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ լիարժեք օգտվելու այս հնարավորությունից։ Հիմնական խոչընդոտներն են թերզարգացած լոգիստիկան, արտահանման կազմակերպման բացերը և պետական աջակցության արդյունավետ համակարգի բացակայությունը։ 2026 թվականի մայիսից Ռուսաստանը սահմանափակել է հայկական պտուղ-բանջարեղենի, ծաղիկների, ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումը։ ACSES-ի գնահատմամբ՝ սահմանափակումների մինչև տարեվերջ պահպանման դեպքում Հայաստանի արտահանման հնարավոր կորուստները կարող են հասնել 260 միլիոն դոլարի՝ կազմելով 2025 թվականի հայկական ծագման արտադրանքի ընդհանուր արտահանման 7.4 տոկոսը։ Հոկտեմբերի 10-ից Եվրամիությունը երկու տարի ժամկետով վերացրել է հայկական ծագման բազմաթիվ ապրանքների ներմուծման մաքսատուրքերը՝ զգալիորեն բարելավելով դրանց մուտքի պայմանները եվրոպական շուկա։ 2025 թվականին ԵՄ արտահանված 1166 ապրանքային ծածկագրերից արտոնությունը տարածվում է 1100-ի վրա։ Արտոնությունների շրջանակում ընդգրկված ապրանքների արտահանումը ԵՄ կազմել է շուրջ 400 միլիոն դոլար։ Դրանց ներուժն անհամեմատ մեծ է. արտոնությունները տարածվում են Հայաստանի՝ ամբողջ աշխարհ արտահանած տեղական արտադրանքի ընդհանուր արժեքի ավելի քան երկու երրորդի վրա։ Թվերն առաջին հայացքից տպավորիչ են։ Սակայն ուսումնասիրության մեջ կա ուշադրության արժանի մեկ այլ ցուցանիշ։ Եվրոպական հանձնաժողովի գնահատմամբ՝ արտոնությունների կիրառման արդյունքում տարեկան չվճարվող մաքսատուրքերը կկազմեն ընդամենը շուրջ երեք միլիոն եվրո։ Սա կարևոր հանգամանք է։ Արտոնության տնտեսական նշանակությունը պայմանավորված է հայկական արտադրողների՝ եվրոպական շուկայում հաստատվելու, նոր գնորդներ ձեռք բերելու և երկարաժամկետ պայմանագրեր կնքելու կարողությամբ։ Առանց գործնական քայլերի եվրոպական արտոնությունները շոշափելի տնտեսական արդյունք չեն տա, և Հայաստանը կշարունակի կախված մնալ ռուսական շուկայից։ Սակայն սահմանված սակագնային քվոտաները զգալիորեն սահմանափակում են եվրոպական արտոնություններից օգտվելու Հայաստանի հնարավորությունները։ Ծիրանի, սալորի, խաղողի, դեղձի և մի շարք այլ գյուղմթերքների համար սահմանված են զրոյական մաքսատուրքով ներմուծման քվոտաներ։ Սալորի դեպքում դրանք կազմում են Հայաստանի 2025 թվականի փաստացի արտահանման ծավալի ընդամենը 13 տոկոսը, ծիրանի դեպքում՝ 16 տոկոսը։ ACSES-ը մատնանշում է քվոտաների հաշվարկման մեթոդաբանական թերությունը։ Հիմք են ընդունվել միջազգային վիճակագրության մեջ արտացոլված՝ գրանցված ձեռնարկությունների արտահանման տվյալները։ Մինչդեռ հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման զգալի մասն իրականացվում է ֆիզիկական անձանց միջոցով։ Արդյունքում Հայաստանի համար սահմանված արտոնյալ ծավալները լիարժեք չեն արտացոլում երկրի արտադրական ու արտահանման հնարավորությունները։ Կառավարությունը Եվրահանձնաժողովի հետ բանակցություններում պետք է անհապաղ բարձրացնի քվոտաների վերանայման հարցը՝ ներկայացնելով մաքսային ամբողջական վիճակագրությունը և փաստացի արտահանման ծավալները։ Առանց դրա եվրոպական արտոնությունների մի զգալի հատված կարող է գործնական կիրառություն չստանալ։ Ուսումնասիրությունը համադրում է Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի փորձը։ Առանձնապես ուշագրավ է Մոլդովայի օրինակը։ 2000 թվականին Ռուսաստանին բաժին էր ընկնում այդ երկրի արտահանման 44 տոկոսը։ 2025-ին ցուցանիշը նվազել է մինչև 3 տոկոս։ Այս փոփոխությունն ուղեկցվել է հետևողական տնտեսական վերակառուցմամբ։ Մոլդովան եվրոպական պահանջներին է համապատասխանեցրել սննդի անվտանգության համակարգը, զարգացրել լաբորատոր ենթակառուցվածքները, ներդրումներ կատարել սառնարանային տնտեսություններում, աջակցել արտադրողների միավորմանը և ստեղծել արտահանման խթանման մասնագիտացված կառույցներ։ Invest Moldova գործակալության միջոցով կազմակերպվել են գործարար առաքելություններ, ուղիղ կապեր են հաստատվել եվրոպական գնորդների հետ։ Պետությունն աջակցել է նաև արտադրանքի ներկայացմանը, շուկաների ուսումնասիրությանը և արտահանման ծախսերի ֆինանսավորմանը։ Հայաստանի դեպքում հատկապես հրատապ է արտահանման խթանման գործակալության ստեղծումը։ Այն կարող է գործել նաև Enterprise Armenia-ի կազմում՝ ունենալով հստակ լիազորություններ, ֆինանսավորում և չափելի արդյունքների պատասխանատվություն։ Գործակալությունը պետք է ձևավորի արտադրողների միասնական ռեգիստր, ուսումնասիրի եվրոպական շուկաների պահանջարկը, աջակցի հավաստագրմանը, կազմակերպի հանդիպումներ գնորդների հետ և օգնի հայկական ընկերություններին կնքել արտահանման պայմանագրեր։ ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանը տեղեկացնում է, որ այս ուղղությամբ գործընթացն արդեն տեղից շարժվել է, և սպասվում են պաշտոնական հայտարարություններ, սակայն նախաձեռնության հաջողությունը կախված կլինի գործակալությանը վերապահված գործիքներից ու ֆինանսական հնարավորություններից։ Եվրոպական շուկայի համար հայկական ապրանքի մրցունակությունը որոշվում է նաև փոխադրման արժեքով։ Երկար ճանապարհը, տարանցիկ կախվածությունը, սառնարանային ենթակառուցվածքների պակասն ու մատակարարումների անկայունությունը կարող են չեզոքացնել մաքսային արտոնության առավելությունը։ ACSES-ն առաջարկում է զարգացնել բարձր ավելացված արժեքով վերամշակված արտադրանքի արտահանումը։ Չիրը, պահածոները և երկար պահպանման ժամկետ ունեցող այլ ապրանքները թույլ են տալիս նվազեցնել փոխադրման ծախսերի բաժինը վերջնական գնի մեջ։ Մյուս ուղղությունը ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումն է։ Կառավարվող միջավայրով պահպանման, հատուկ փաթեթավորման և արագ սառեցման համակարգերը հնարավորություն են տալիս էապես երկարացնել գյուղմթերքի պահպանման ժամկետը։ Դրանց ներդրումը կարող է փոխել հայկական գյուղատնտեսության արտահանման հնարավորությունները։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև միջազգային խոշոր մատակարարների ներգրավումը։ Ուսումնասիրության մեջ հիշատակվում են Dole-ը, Greenyard-ը և The Greenery-ն։ Նման ընկերությունների մուտքը հայկական շուկա կարող է ապահովել եվրոպական մանրածախ ցանցերի հետ անհրաժեշտ կապերը, որակի վերահսկողությունը և մատակարարումների շարունակականությունը։ Եվրոպական արտոնություններից օգտվելու համար Հայաստանին ընդամենը երկու տարի է հատկացված, և այդ ժամկետն արդեն ընթացքի մեջ է։ Կառավարությունը պետք է նախաձեռնի քվոտաների վերանայում, գործարկի արտահանման խթանման գործակալությունը, ապահովի արտադրանքի համապատասխանությունը եվրոպական չափորոշիչներին և ֆինանսական աջակցություն տրամադրի վերամշակող արդյունաբերության ու լոգիստիկայի զարգացմանը։ Կառավարությունը պետք է նաև հրապարակային հաշվետվություն ներկայացնի՝ քանի ընկերություն է օգտվել արտոնություններից, ինչ ծավալի նոր պայմանագրեր են կնքվել, ինչ ապրանքներ են մուտք գործել եվրոպական շուկա և ինչ արդյունք է տվել պետական աջակցությունը։ Ռուսաստանի սահմանափակումները ևս մեկ անգամ ի ցույց դրեցին հայկական արտահանման վտանգավոր կախվածությունը ռուսական շուկայից։ ԵՄ արտոնությունները հնարավորություն են տալիս նվազեցնելու այդ կախվածությունը և ամրապնդելու Հայաստանի տնտեսական ինքնուրույնությունը։ Երկու տարի անց հաջողության չափանիշը լինելու են դեպի Եվրոպա արտահանման աճը, նոր արտադրական կարողությունները, եվրոպական գնորդների հետ հաստատված կայուն կապերը և ռուսական շուկայից Հայաստանի կախվածության նվազումը։ Եվրոպան իր որոշումն արդեն կայացրել է։ Այժմ հերթը Հայաստանի կառավարությանը և գործարար համայնքինն է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16216

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով