Հրաբխային լեռներ, Մետաքսի ճանապարհի ժամանակներից պահպանված հյուրատներ, լեռնային արշավից հետո՝ տնական պանիր ու ծիրանի օղի․ այս ամենը զբոսաշրջիկներին սպասում է Հայաստանում՝ Անդրկովկասյան արահետի (Transcaucasian Trail) երկայնքով. այսպես է անդրադարձել National Geographic պարբերականը՝ անդրադառնալով Հայաստանի զբոսաշրջությանը Ավելի քան 800 կիլոմետր երկարությամբ հայկական հատվածը ձգվում է երկրի հարավային սահմանին գտնվող Մեղրիից մինչև հյուսիսում՝ Արփի լճի ազգային պարկ։ Ճանապարհն անցնում է կաղնու անտառներով, գետերի խոր կիրճերով և հեռավոր լեռնային գյուղերով։ Արահետի ստեղծման աշխատանքները հիմնականում կամավորների ուժերով սկսվել են 2016 թվականին։ Նախագիծը միավորում է Կովկասի պատմական հետիոտնային ճանապարհներն ու հովիվների երթուղիները։ Ամբողջական արահետը, որի կառուցումն առաջիկա տասնամյակում նախատեսվում է ավարտել, կունենա մոտ 3000 կիլոմետր երկարություն՝ անցնելով Հայաստանով, Վրաստանով և Ադրբեջանով։ Ըստ պարբերականի տեղեկության՝ մինչև 2027 թվականը նախատեսվում է բարելավել արահետները, տեղադրել ցուցանակներ և հասանելի դարձնել նոր թվային քարտեզներ ու արշավային ծառայություններ։ Չնայած այս բարելավումներին՝ արահետի բազմաթիվ հատվածներ դեռևս քիչ այցելուներ ունեն, ինչը հնարավորություն է տալիս վայելելու բնությունն առանց զբոսաշրջիկների մեծ բազմության։ Ե՞րբ այցելել Լեռնային արշավների համար առավել հարմար ժամանակահատվածը գարնան վերջից մինչև աշնան սկիզբն է։ Գարնանը լեռները ծածկվում են գունավոր ծաղիկներով ու բուրավետ խոտաբույսերով, իսկ սեպտեմբերի կեսերից մինչև հոկտեմբերի վերջ Դիլիջանի ազգային պարկի և Սյունիքի անտառները ներկվում են ոսկեգույն ու կարմիր երանգներով։ Այդ ժամանակահատվածում անցկացվում են նաև մշակութային փառատոներ, այդ թվում՝ հունիսին Սյունիքում կայանալիք Ոչխարների խուզման փառատոնը և հոկտեմբերին Վայոց ձորի Արենիի գինու փառատոնը։ Այնուամենայնիվ, եղանակային պայմանները տարբեր են։ Գեղամա լեռներում հոկտեմբերից մինչև հունիս ձյուն է լինում, ուստի լեռնաշղթան հատելու համար առավել հարմար են հուլիսն ու օգոստոսը։ Հարավային որոշ շրջաններում այդ ամիսներին կարող է չափազանց շոգ լինել, իսկ բարձրադիր վայրերում գիշերային ջերմաստիճանը նույնիսկ ամռանը կարող է հասնել զրոյի։ Ի՞նչ տեսնել և անել Անդրկովկասյան արահետով ճանապարհորդությունը հնարավորություն է տալիս համատեղելու արշավները Հայաստանի պատմամշակութային ժառանգության բացահայտման հետ։ Ինչպե՞ս հասնել արահետ Երթուղու բազմաթիվ հատվածներ հասանելի են Երևանից ավտոբուսով կամ մեքենայով։ Լոռու և Տավուշի որոշ հատվածներ ավելի մոտ են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիին։ Ամբողջ երթուղին հարավից հյուսիս անցնել ցանկացողները կարող են Երևանից ամենօրյա միկրոավտոբուսով հասնել Մեղրի։ Արահետում տեղաշարժվելու հիմնական միջոցը քայլելն է։ Թարմացված թվային քարտեզներն օգնում են կողմնորոշվել, իսկ արշավային նոր ծառայությունները զբոսաշրջիկներին կապում են փորձառու ուղեկցորդների հետ, որոնք կարող են օգնել երթուղու պլանավորման, ուղեբեռի տեղափոխման, գիշերակացի և տրանսպորտի կազմակերպման հարցերում։ Հայաստանը, իր լեռնային բնությամբ, պատմական հուշարձաններով և գյուղական հյուրընկալությամբ, աստիճանաբար դառնում է հետաքրքիր ուղղություն նրանց համար, ովքեր ցանկանում են բացահայտել երկիրը ոտքով՝ հեռու մարդաշատ զբոսաշրջային վայրերից։



