Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ է առևտրային նավերի չարտոնված տարանցման համար, իսկ ԱՄՆ ռազմածովային ուժերի պնդումները, թե նեղուցով շարունակվում են նավթի փոխադրումները, իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։ Նշվում է, որ ԻՀՊԿ-ն հավելել է, որ նավթի «մաքսանենգությամբ» զբաղվող փոքր նավերի անցումը չի նշանակում, թե նեղուցը բաց է նավագնացության համար։ Հոկտեմբերի 20-ին կորպուսը հաղորդել էր, որ Հորմուզի նեղուցում նավթի խոշոր լցանավ է պայթել ականի վրա, ինչի հետևանքով նավի վրա հրդեհ է բռնկվել։ ԻՀՊԿ-ում ընդգծել են, որ կկանխեն «նավագնացության անվտանգության խախտման ցանկացած փորձ» այս ջրային ուղում։ Միևնույն ժամանակ նշվել է, որ 2 միլիոն բարել նավթ տեղափոխող լցանավն անջատել էր ավտոմատ նույնականացման համակարգերը և Հորմուզի նեղուցով շարժվում էր Թեհրանի հետ չհամաձայնեցված երթուղով։ ԻՀՊԿ-ն պարբերաբար հիշեցնում է հարավային երթուղու օգտագործման վտանգավորության մասին, որն անցնում է Օմանի ափերի մերձակայքով, և ընդգծում է, որ Հորմուզի նեղուցը մնում է իր ուժերի դիտարկման ու լիակատար վերահսկողության ներքո։ ԱՄՆ-ն իր հերթին պնդում է, որ Հորմուզի նեղուցը գտնվում է ամերիկյան ուժերի վերահսկողության տակ, որոնց ուղեկցությամբ նավթատար լցանավերն անցնում են նեղուցով՝ փոխադրելով միլիոնավոր բարել նավթ։



