Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Վաշինգտոնը չի ընդունել Թեհրանի պայմանները։ Այս մասին նա ասել է իրաքյան Al-Iraqiya News հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Ամերիկյան կողմը պետք է ընդունի մեր պայմանները, որպեսզի նեղուցը բացվի նավերի համար», – ասել է դիվանագետը։ Արաղչին նշել է, որ մինչև Իրանի ու ԱՄՆ-ի միջև համաձայնության ձեռքբերումը «նեղուցը, բնականաբար, փակ կմնա»։ Իրանի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ն պետք է կատարի հունիսին ստորագրված Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրով ստանձնած բոլոր պարտավորությունները՝ նախքան այլ հարցերի շուրջ բանակցություններ սկսելը։ Ցանկացած կողմի բարձրացրած հարցը կարող է քննարկվել բանակցությունների եզրափակիչ փուլում, հավելել է նախարարը: Արաղչին նաև մերժել է ամերիկյան տնտեսական պատժամիջոցներն ու ռազմական սպառնալիքները։ «Իրանը ոչ մի դեպքում չի ենթարկվի ո՛չ տնտեսական պատժամիջոցներին, ո՛չ ռազմական սպառնալիքներին։ Միակ ընդունելի լուծումը դիվանագիտությունն ու բանակցություններն են», – նշել է նա։



