Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները

Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերի առաջին տասնօրյակում վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նրա խոսքով՝ Ուիթքոֆը նշել է, որ բանակցությունները վերսկսելու Ռուսաստանի պատրաստակամությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեծ գոհունակությամբ կընդունի։ Ուշակովի փոխանցմամբ՝ Պուտինի և Ուիթքոֆի հանդիպման գլխավոր թեման Ուկրաինայում ստեղծված իրավիճակն էր։ Կողմերը շարունակել են մտքեր փոխանակել կայուն խաղաղության հասնելու ուղիների շուրջ՝ զարգացնելով Թրամփի հետ Պուտինի հեռախոսազրույցի ընթացքում քննարկված հարցերը։ Ռուսաստանի նախագահի օգնականի խոսքով՝ Պուտինը Ուիթքոֆին ներկայացրել է շփման գծում տիրող իրավիճակը՝ պնդելով, որ նախաձեռնությունն ամբողջությամբ ռուսական զորքերի ձեռքում է։ Ուիթքոֆը նաև նշել է Ուկրաինայի և եվրոպական երկրների մոտեցումների փոփոխությունները հակամարտության կարգավորման հարցում՝ միաժամանակ ընդգծելով, որ դրանցում օգտակար տարրերն այնքան էլ շատ չեն եղել։ Հանդիպման ընթացքում Պուտինն ու Ուիթքոֆը մանրամասն քննարկել են նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև լայնածավալ տնտեսական ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Ուշակովի խոսքով՝ քննարկվող հարցերի վերաբերյալ իր գնահատականները տեսակապի միջոցով ներկայացնելու հնարավորություն է ունեցել նաև Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16305

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով