Նախօրեին հրապարակված զեկույցը ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր կասեցման դեպքում կանխատեսում է ՀՆԱ-ի 15,6 տոկոս անկում, արտահանման 41,6 տոկոս կրճատում և գնաճի լրացուցիչ 14,9 տոկոսային կետ։ Այս թվերը տնտեսական ծանր ճգնաժամի պատկեր են ուրվագծում։ Սակայն զեկույցը բավարար չափով չի բացահայտում դրանց հաշվարկման ընթացքը, իսկ ընտրված ենթադրությունների հիմնավորվածությունը հարցեր է առաջացնում։ Զեկույցը պատրաստվել է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահների համատեղ հայտարարության հիման վրա։ ԵԱՏՄ-ից հեռանալու տնտեսական հետևանքները գնահատել են Հայաստանն այդ կառույցում պահելու հարցում շահագրգռված կառավարությունները։ Զեկույցում հեղինակներն առանձնացնում են հայկական արտադրանքի արտահանումն ու վերաարտահանման հոսքերը, սակայն չեն ցույց տալիս, թե դրանցից որքան ավելացված արժեք է ստեղծվում Հայաստանում։ Առանց այդ հաշվարկի հնարավոր չէ ստուգել, թե առևտրի կանխատեսվող կրճատումն ինչպես է վերածվում ՀՆԱ-ի կորստի։ Ներմուծված ու վերավաճառված ապրանքի արժեքի մեծ մասը ստեղծվում է արտերկրում։ Հայաստանի տնտեսության ներդրումը տեղական առևտրի, փոխադրման, պահեստավորման և հարակից ծառայությունների ստեղծած արժեքն է։ Վերաարտահանման կրճատման հետ նվազում է նաև ներմուծումը։ ՀՆԱ-ի կորուստը գնահատելու համար անհրաժեշտ է հաշվի առնել երկուսն էլ և առանձնացնել Հայաստանում ստեղծվող արժեքը։ Զեկույցը ներկայացնում է վերջնական կորուստը՝ առանց այս հաշվարկը ստուգելու համար անհրաժեշտ մանրամասների։ Զեկույցի թվերը նույնպես հարցեր են առաջացնում։ Վերաարտահանման 91,6 տոկոս կրճատումը հեղինակները հիմնավորում են 2021 թվականի մակարդակին վերադարձով։ Իրենց իսկ աղյուսակում այդ տարվա ցուցանիշը 68,6 միլիոն դոլար է, իսկ կանխատեսվող ծավալը կազմում է 135 միլիոն։ «Վերադարձ» անվանված արդյունքը գրեթե կրկնակի գերազանցում է ընտրված հենակետը։ Այս տարբերության հաշվարկային բացատրությունը զեկույցում բացակայում է։ Հարցեր է առաջացնում նաև 2021 թվականը հաշվարկի հիմք ընդունելը։ Այդ ժամանակ Հայաստանն արդեն ԵԱՏՄ անդամ էր։ Հետագա առևտրային աճը անդամակցության հետ կապելու համար անհրաժեշտ է առանձին գնահատել աշխարհաքաղաքական փոփոխությունների ազդեցությունը։ Զեկույցում այդ գործոնները տարանջատված չեն։ Ուստի հետագա աճի կորուստը անդամակցության կասեցմամբ բացատրելը մնում է չհիմնավորված ենթադրություն։ Դրամական փոխանցումների 2,1 միլիարդ դոլարի կրճատումը նույնպես հիմնված է անցյալի ցուցանիշին վերադարձի ենթադրության վրա։ Հեղինակները վերցնում են 2010–2014 թվականների միջին ծավալը և ճշգրտում ԱՄՆ գնաճով։ Այդ գործողությունը հաշվի է առնում դոլարի գնողունակության փոփոխությունը։ Միգրանտների թվի ու կազմի, Ռուսաստանում նրանց եկամուտների, փոխարժեքի և առևտրային փոխանցումների ազդեցությունը մնում է չբացատրված։ Առանց այդ գործոնները տարանջատելու հնարավոր չէ հիմնավորել կանխատեսվող կորստի չափը կամ այն վերագրել ԵԱՏՄ անդամակցության կասեցմանը։ Գազի գինը հաշվարկում բարձրացվել է 177,5 դոլարից մինչև 300 դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց։ Հեղինակներն իրենք այդ գինն անվանում են կողմնորոշիչ, սակայն դրա հիման վրա հաշվարկում են տնտեսական կորուստները։ Այս ենթադրության կշիռը հասկանալու համար անհրաժեշտ էր ցույց տալ ՀՆԱ-ի ու գնաճի փոփոխությունը գազի տարբեր գների դեպքում։ Այդ հաշվարկների բացակայությամբ հնարավոր չէ պարզել, թե կանխատեսվող անկման որ մասն է պայմանավորված գազի ենթադրվող թանկացմամբ։ Զեկույցը կանխատեսում է նաև ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ Հայաստանի ապրանքային արտահանման 2,78 միլիարդ դոլարի կրճատում։ Հեղինակները կրճատումը կապում են առևտրային շղթաների խաթարման, արտոնությունների կորստի և արտադրության թանկացման հետ։ Սակայն չեն ներկայացնում յուրաքանչյուր գործոնով պայմանավորված վնասի առանձին հաշվարկը։ Այդ բացը թույլ չի տալիս ստուգել ընդհանուր կորուստը և բացառել նույն վնասը տարբեր հաշվարկներում կրկնելու հավանականությունը։ Զեկույցը հստակ չի պատասխանում նաև ժամանակի հարցին։ Ի՞նչ ժամկետում է սպասվում 15,6 տոկոս անկումը, որքա՞ն կտևեն դրա հետևանքները, ինչպե՞ս կարձագանքեն բիզնեսն ու պետությունը։ Նոր շուկաներ, մատակարարներ և փոխադրման ուղիներ գտնելը ծախս ու ժամանակ է պահանջում։ Այդ ջանքերի հնարավոր արդյունքը նույնպես պետք է ներառվեր հաշվարկներում։ Այդ բացի պատճառով կանխատեսումը հաշվի չի առնում տնտեսության հարմարվելու և կորուստները մեղմելու հնարավորությունները։ Հայաստանի տնտեսական կախվածությունները նվազեցնելու համար անհրաժեշտ է նախապես զարգացնել նոր շուկաներ, մատակարարման աղբյուրներ և փոխադրման ուղիներ։ Գործող օգտակար կապերի պահպանումն ու այլընտրանքների ընդլայնումը կօգնեն մեղմել հնարավոր հարվածները և մեծացնել երկրի ընտրության ազատությունը։ Զեկույցի բացերը բավարար հիմք են 15,6 տոկոս անկման գնահատականին վերապահումով վերաբերվելու համար։ Դրանք դիտավորություն չեն ապացուցում, սակայն թույլ չեն տալիս ստուգել հրապարակված արդյունքը։ Հայաստանի քաղաքական ընտրության վրա ազդող այս թիվը պահանջում է ամբողջական ու ստուգելի հիմնավորում։ Մինչ այդ այն մնում է ընտրված ենթադրություններից կախված գնահատական։



