«Մեկ ազգ, երկու պետություն»․ Բաքուն սահման է գծում Անկարայի առաջ

Թուրքիայի և Ադրբեջանի միջև ծագած լարվածությունը բացահայտել է տարիներ շարունակ եղբայրության հռետորաբանությամբ քողարկված քաղաքական հակասությունները։ Շուշիի հռչակագրով ամրագրված ռազմավարական դաշինքում առաջին անգամ այսպիսի հրապարակայնությամբ քննարկվում են փոխադարձ անվստահությունը, քաղաքական միջամտության մեղադրանքները և տարածաշրջանային առաջնորդության հավակնությունները։ «Մեկ ազգ, երկու պետություն» հայտնի բանաձևի երկրորդ մասն այսօր Բաքուն առանձնակի ուժգնությամբ է հիշեցնում Անկարային։ Ճգնաժամի առիթը Ադրբեջանի դպրոցներում հիջաբի՝ գլխաշորի սահմանափակումն էր։ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Օքթայ Սարալը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մի շարք ներկայացուցիչներ քննադատեցին այդ որոշումը։ Իլհամ Ալիևի «Նոր Ադրբեջան» կուսակցությունը պատասխանեց կոշտ հայտարարությամբ՝ Թուրքիային զգուշացնելով Ադրբեջանի ներքին գործերին միջամտելուց և իսլամական աշխարհում գերիշխանության հավակնություններից։ Գլխաշորի շուրջ վեճը շոշափեց երկու իշխանությունների գաղափարական հիմքերը։ Էրդողանի քաղաքական կենսագրության առանցքային դրվագներից է աշխարհիկ Թուրքիայի սահմանած կրոնական սահմանափակումների դեմ պայքարը։ Ալիևի վարչակարգն իր հերթին աշխարհիկությունը դիտարկում է որպես պետական վերահսկողության և իրանական կրոնական ազդեցությունը զսպելու կարևոր գործիք։ Երկու ղեկավարների համար էլ հարցը ներքաղաքական նշանակություն ունի։ Սակայն առավել լուրջ տարաձայնությունը վերաբերում է տարածաշրջանում Թուրքիայի դերին։ Անկարան երկար տարիներ իր ռազմական, կրթական, մշակութային և տնտեսական ներկայությամբ ընդլայնել է ազդեցությունը թյուրքական աշխարհում։ Բաքուն այդ համագործակցությունից ստացել է հսկայական օգուտներ՝ հատկապես 2020 թվականի պատերազմում։ Այսօր Ալիևը փորձում է հստակեցնել այդ հարաբերությունների քաղաքական սահմանները։ Ադրբեջանը պահանջում է լիարժեք ինքնուրույնություն նաև Թուրքիայի համար զգայուն հարցերում։ Middle East Eye-ի հրապարակած մանրամասները ցույց են տալիս ճգնաժամի խորությունը։ Ըստ լրատվամիջոցի աղբյուրների՝ Բաքուն պահանջել է պաշտոնից հեռացնել Էրդողանի խորհրդական Սարալին, քրեական հետապնդում սկսել Ալիևին վիրավորած թուրք մեկնաբանների նկատմամբ և արգելափակել սոցիալական ցանցերի մի շարք հաշիվներ։ Անկարան դրանց մի մասի հասանելիությունն արդեն սահմանափակել է։ Ավելի վտանգավոր զարգացում էր ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցների արշավը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի դեմ։ Նրան մեղադրեցին Ադրբեջանում թուրքական կրթական և հասարակական կառույցների միջոցով ներքին անկայունություն հրահրելու ենթադրյալ փորձերի մեջ։ Հնչեցին անգամ պետական հեղաշրջման նախապատրաստման ակնարկներ։ Թուրքիայի դեսպանատունը կտրականապես հերքեց այդ մեղադրանքները։ Հրապարակումների մի մասը հետագայում փոփոխվեց կամ հեռացվեց։ Հոկտեմբերի 15-ին Էրդողանի՝ Բաքվում կայացած CICA գագաթնաժողովին չմասնակցելը նոր դժգոհություն առաջացրեց։ Middle East Eye-ի համաձայն՝ Թուրքիայի նախագահը խուսափել է Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ նույն դահլիճում գտնվելուց։ Բաքվում նրա բացակայությունն ընկալել են որպես Ալիևի նկատմամբ անհարգալից վերաբերմունք։ Այստեղ արդեն երևում է ճգնաժամի աշխարհաքաղաքական խորքը։ Ադրբեջանը Իսրայելի հետ ձևավորել է էներգետիկ, ռազմական և հետախուզական սերտ համագործակցություն։ Թուրքիայի ղեկավարությունը Գազայի պատերազմից հետո Իսրայելի նկատմամբ որդեգրել է կտրուկ թշնամական դիրքորոշում։ Այս հակասությունը երկու դաշնակիցների արտաքին քաղաքական օրակարգերում աստիճանաբար ավելի զգալի տեղ է զբաղեցնում։ Հոկտեմբերի 15-ին Ալիևն ընդունեց Ֆիդանին։ Վերջինս փորձեց մեղմել լարվածությունը՝ ընդգծելով ռազմավարական հարաբերությունների առաջնայնությունը։ Սակայն դրան հաջորդեցին ադրբեջանական լրատվամիջոցների նոր հարձակումները։ Հոկտեմբերի 19-ին Ադրբեջանի դատախազությունը հաղորդեց նաև յոթ թուրք քաղաքացիների, այդ թվում՝ մեկնաբանների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին՝ իշխանությունը բռնի տապալելու կոչերի մեղադրանքով։ Բաքուն հրապարակայնորեն բավարար ապացույցներ չի ներկայացրել այդ պնդումների հիմնավորման համար։ Այս զարգացումներն ունեն պատմական ուշագրավ ենթատեքստ։ Աթաթուրքի հանրապետությունը ձևավորվեց օսմանյան քաղաքական և կրոնական ժառանգության վերանայմամբ։ Էրդողանի Թուրքիան վերջին երկու տասնամյակում վերարժևորել է այդ ժառանգության մի մասը՝ այն ծառայեցնելով տարածաշրջանային ազդեցության ընդլայնմանը։ Ադրբեջանի աշխարհիկ իշխանությունը սեփական քաղաքական համակարգի համար վտանգ է տեսնում թուրքական քաղաքական իսլամի ներթափանցման մեջ։ Այդ անհանգստությունն արդեն արտահայտվում է իշխանամերձ մամուլի միջոցով հնչող հակաօսմանյան և հակաթուրքական հրապարակումներով։ Այս ամենի տնտեսական գինը նույնպես զգալի է։ Թուրքիային և Ադրբեջանին կապում են էներգետիկ խողովակաշարերը, Կասպից ծովից դեպի Եվրոպա ձգվող տրանսպորտային հաղորդակցությունները, պաշտպանական արդյունաբերության պայմանագրերն ու բազմամիլիարդանոց ներդրումները։ Վերջերս հայտարարված շուրջ 500 միլիոն դոլարի ռազմական գործարքները վկայում են համագործակցության շարունակականության մասին։ Դաշինքի կազմաքանդումը երկու կողմերի համար էլ չափազանց թանկ կլինի։ Անկարայի և Բաքվի միջև առաջացած տարաձայնությունները Հայաստանի համար տարածաշրջանային քաղաքականության նոր հնարավորություններ են ուրվագծում։ Անկարայի և Բաքվի շահերի ամբողջական համընկնումը Հարավային Կովկասի անփոփոխ իրողություն համարելը վաղուց ժամանակավրեպ է։ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի համար ունի սեփական տնտեսական և աշխարհաքաղաքական արժեք։ Այն առնչվում է Կովկասում ազդեցության ընդլայնմանը, Կենտրոնական Ասիայի հետ հաղորդակցություններին և տարածաշրջանային առևտրի նոր հնարավորություններին։ Երևանը պետք է աշխատի այս շահերի հետ՝ պահպանելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման առանձին օրակարգերը։ Անկարայի և Բաքվի ռազմավարական դաշինքը դեռ ամուր է, սակայն տարիներ շարունակ եղբայրության հռետորաբանությամբ քողարկված քաղաքական հակասություններն արդեն բացահայտ բախման են վերածվում։ Ալիևը Թուրքիայի աջակցությամբ ամրապնդել է Ադրբեջանի տարածաշրջանային դիրքերը և այժմ պահանջում է հարգել իր քաղաքական ինքնուրույնության սահմանները։ «Մեկ ազգ, երկու պետություն» բանաձևն անցնում է իր ամենալուրջ փորձություններից մեկը։ Երկու պետությունների ղեկավարներն այժմ վիճում են հենց այդ բանաձևի երկրորդ բառի՝ պետության իրական բովանդակության շուրջ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16317

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով