Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենն ու Պեկինի փոխքաղաքապետը կարևորել են փորձի փոխանակումն ու համագործակցության ընդլայնումը

Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը Սևանի ջրափրկարարական ջոկատի նորաբաց վարչական համալիրում հյուրընկալել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում Հայաստան ժամանած՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մայրաքաղաք Պեկինի փոխքաղաքապետ Վեն Սյանի գլխավորած պատվիրակությանը։ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Արամ Ղազարյանի ուղեկցությամբ պատվիրակության անդամները ծանոթացել են ջոկատի տեխնիկական հագեցվածությանը՝ ջրափրկարարական գույքին, մասնագիտացված սարքավորումներին և տեխնիկական միջոցներին։ Ներկայացվել են դրանց գործառնական նշանակությունն ու հնարավորությունները, կիրառման առանձնահատկությունները։ Պատվիրակության անդամները շրջայց են կատարել նաև վարչական համալիրում՝ ծանոթանալով շենքային պայմաններին, առկա ենթակառուցվածքներին, ծառայողական և աշխատանքային տարածքների հագեցվածությանը։ Շրջայցի ավարտին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում կողմերը քննարկել են աղետների ռիսկերի կառավարման, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարներն ու մասնագիտական փորձի փոխանակման հնարավորությունները։ Արամ Ղազարյանն ընդգծել է միջազգային համագործակցության կարևորությունը՝ մասնագիտական կարողությունների զարգացման, ժամանակակից տեխնոլոգիաների և նորագույն տեխնիկական միջոցների ներդրման, ինչպես նաև բնակչության անվտանգության ապահովման արդյունավետության բարձրացման գործում։ Պեկինի փոխքաղաքապետ Վեն Սյանը բարձր է գնահատել Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությունն ու անձնակազմի համար ստեղծված աշխատանքային պայմանները։ Նա անդրադարձել է Պեկինում ջրային տարածքների անվտանգության ապահովման փորձին՝ ներկայացնելով ջրահեղձման դեպքերի կանխարգելման, բնակչության իրազեկվածության բարձրացման և ջրային տարածքներում փրկարարական ծառայությունների գործունեության արդյունավետ կազմակերպման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Հաշվի առնելով Հայաստանի և Չինաստանի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների կարևորությունը՝ կողմերը վերահաստատել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16323

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով