Իռլանդական Ryanair ավիաընկերության գործադիր տնօրեն Մայքլ Օ’Լիրին զգուշացրել է, որ ավիավառելիքի բարձր գների պատճառով 2027 թվականին Եվրոպայում ավիատոմսերի գները կարող են աճել մինչև 20%-ով։ Նրա խոսքով՝ դա կարող է դառնալ եվրոպական ավիացիայի պատմության մեջ ամենամեծ թանկացումներից մեկը։ Օ’Լիրիի խոսքով՝ Մերձավոր Արևելքում պատերազմի և Հորմուզի նեղուցով նավագնացության խափանումների հետևանքով ավիավառելիքի գները կրկնապատկվել են։ Մինչ այժմ ավիաընկերությունները կարողացել են զսպել տոմսերի գների աճը՝ վառելիքի գնման նախապես կնքված պայմանագրերի շնորհիվ, սակայն դրանց մի մասը հաջորդ տարի կավարտվի։ Նա նաև կանխատեսել է, որ 2026-2027 թվականների ձմռանը և 2027 թվականի ամռանը Եվրոպայում թռիչքների առաջարկը զգալիորեն կնվազի, քանի որ ավիաընկերությունները ստիպված կլինեն կրճատել չվերթները՝ ծախսերը վերահսկելու համար։ Օ’Լիրին միաժամանակ քննադատել է Եվրամիության բնապահպանական հարկային քաղաքականությունը՝ պնդելով, որ այն լրացուցիչ ֆինանսական բեռ է ստեղծում եվրոպական ավիափոխադրողների համար։



