Ասեղը պարբերաբար սահում է քերծվածքների պատճառով. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ՀԱԷԿ-ի հետագա շահագործման վտանգավորության վերաբերյալ հրապարակումներին։ «Այնպիսի տպավորություն է, թե որոշ լրատվամիջոցներ պարզապես նույն հին ձայնապնակն են դրել՝ այն էլ ճռռացող։ Ասեղը պարբերաբար սահում է քերծվածքների պատճառով, ձայնապնակը կարծես պատվել է կեղտով ու փոշով, բայց նրանք, այնուամենայնիվ, փորձում են այնպես անել, որ այդ ճռռոցը լսելի լինի»,- ասել է Զախարովան։ Ըստ նրա՝ Հայկական ԱԷԿ-ի հիմնական գործընկերը «Ռոսատոմ» պետական կորպորացիան է, որը, նրա խոսքով, պատասխանատու է իր պարտավորությունների կատարման հարցում։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Հայկական ԱԷԿ-ի ռեակտորային կայանքը հատուկ հարմարեցված է տարածաշրջանի բարձր սեյսմիկ ակտիվության պայմաններին։ Զախարովան նաև նշել է, որ անցած տարիներին «Ռոսատոմը» հայ մասնագետների հետ համատեղ զգալի աշխատանք է իրականացրել կայանի անվտանգության և հուսալիության բարձրացման ուղղությամբ։ Զախարովան հիշեցրել է, որ հոկտեմբերի 16-ին Մոսկվայում՝ «Ռուսական էներգետիկ շաբաթ» համաժողովի շրջանակում, անցկացվել է «3+3 հարթակ․ էներգետիկ համագործակցությունը՝ որպես Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հենասյուն» խորագրով բարձր մակարդակի նիստը։ «Անհրաժեշտ բոլոր պարզաբանումները կարելի էր ստանալ անմիջապես՝ առաջին ձեռքից»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ ՀԱԷԿ տնօրենը, խոսելով ռուս գործընկերների հետ համատեղ իրականացված աշխատանքի մասին, ընդգծել է, որ կայանի կայուն գործունեությունը՝ միջազգային չափանիշներին համապատասխան, Հայաստանի համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների առաջնահերթություններից է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16319

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով