Հայաստանը կանգնած է ռազմավարական որոշումների հանգրվանում, երբ Մոսկվան տնտեսական կախվածությունը կրկին փորձում է վերածել քաղաքական ազդեցության գործիքի։ ԵԱՏՄ չորս պետությունների հրապարակած զեկույցը Հայաստանի եվրոպական ընտրության հնարավոր գինը գնահատում է ՀՆԱ-ի 15,6 տոկոս անկմամբ, արտահանման կտրուկ կրճատմամբ և գազի 69 տոկոս թանկացմամբ։ Սա տնտեսական կանխատեսո՞ւմ է, թե՞ քաղաքական նախազգուշացում՝ ներկայացված թվերի լեզվով։ Միաժամանակ Ազգային ժողովում մեկնարկում է ԹՐԻՓ-ի վավերացման հարցի շուրջ քննարկումը՝ Հայաստանի ինքնիշխանության, ամերիկյան ներգրավվածության և տարածաշրջանային նոր հաղորդակցությունների հեռանկարով։ Բայց նույն օրերին Երևանը Մոսկվայի հետ քննարկում է երկաթուղային կոնցեսիայի ապագան, խոսում Ռուսաստանի հետ հանկարծ եղբայրական դարձած հարաբերություններից, իսկ «Ռոսատոմը» ազդարարում է հայկական կողմի դրական տրամադրվածությունը նոր ատոմակայանի կառուցման հարցում։ Այս զարգացումների խորքում Հայաստանի ապագայի համար վճռորոշ հարցն է․ իշխանությունը պատրաստվո՞ւմ է իրականում հաղթահարել Մոսկվայից ժառանգած կախվածությունները, թե՞ արտաքին քաղաքական նոր ուղղության մասին հայտարարություններին զուգահեռ շարունակում է պահպանել այն լծակները, որոնց միջոցով Ռուսաստանը տասնամյակներ շարունակ սահմանափակել է Հայաստանի ինքնուրույնությունը։ 2013 թվականի սեպտեմբերի 3-ի փորձը հիշեցնում է, որ աշխարհաքաղաքական ընտրությունը հնարավոր է փոխել մեկ օրում, բայց դրա հետևանքները պետությունը կարող է կրել տասնամյակներով։ Այսօր Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր, Աողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լուսինե Բադալյանի հետ կփորձենք հասկանալ՝ ո՞րն է իշխանության իրական ռազմավարությունը, որտե՞ղ են Մոսկվայի հետ համագործակցության սահմանները, և ի՞նչ երաշխիք կա, որ Հայաստանի եվրոպական ապագան կրկին չի դառնա ռուսական տնտեսական ու քաղաքական ճնշման պատանդը։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



