Թուրքիան, Կատարը, Ինդոնեզիան և Պակիստանը պաշտպանական համագործակցության հուշագիր են ստորագրել

Թուրքիան, Կատարը, Ինդոնեզիան և Պակիստանը ստորագրել են պաշտպանական համագործակցության ամրապնդման և ռազմավարական գործընկերության զարգացման վերաբերյալ «Բադր» հուշագիրը։ Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։ Հուշագիրը ստորագրվել է հոկտեմբերի 21-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում՝ չորս երկրների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Փաստաթուղթը ստորագրել են Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Կատարի փոխվարչապետ և պաշտպանության հարցերով պետական նախարար շեյխ Սաուդ բին Աբդուլռահման բին Հասան Ալ Թանին, Ինդոնեզիայի պաշտպանության փոխնախարար Յուսուֆ Ջաուհարին և Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Մուհամմադ Ասիֆը։ Ստորագրման արարողությանը մասնակցել է նաև Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Հալուք Գյորգյունը։ Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ «Բադր» հուշագիրը, որի անվանումը նշանակում է «լիալուսին», նպատակ ունի խթանել ռազմական արտադրության ոլորտում համագործակցությունը, ամրապնդել մասնակից երկրների պաշտպանական կարողությունները, ինչպես նաև ընդլայնել ռազմական մասնագիտական պատրաստության, գիտահետազոտական և զարգացման աշխատանքների շրջանակներում փոխգործակցությունը։ Նշվում է, որ նախաձեռնությունը կնպաստի ժամանակակից պաշտպանական համակարգերի զարգացմանը համապատասխան տեխնոլոգիական լուծումների մշակմանը և արդյունաբերական կարողությունների ընդլայնմանը։ Գերատեսչության գնահատմամբ՝ հուշագիրը նաև տնտեսական նշանակություն ունի, քանի որ նախատեսում է համատեղել մասնակից երկրների ռազմական արտադրական հնարավորությունները, խորացնել պաշտպանական արդյունաբերությունների ինտեգրումը և զարգացնել բարեկամ ու դաշնակից երկրների պաշտպանական կարիքների բավարարման կարողությունները։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունն ընդգծել է, որ համաձայնագիրը միտված է նաև չորս երկրների միջև ռազմական համագործակցության ընդլայնմանը, պաշտպանական արդյունաբերության ոլորտում կապերի խորացմանը և անվտանգության ու կայունության ապահովմանն ուղղված բազմակողմ փոխգործակցության ամրապնդմանը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16334

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով