Հայաստանի ժողովրդավարության առջև այսօր երկու վտանգ է միաժամանակ հասունանում՝ ընտրողի քվեն փողով գնելու փորձը և ընտրողին իրական քաղաքական ընտրությունից զրկելու վտանգը։ Հոկտեմբերի 25-ի տեղական ընտրություններին հինգ համայնքում իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» ընդհանրապես մրցակից չունի։ Ստեփանավանում, որտեղ հունիսին ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանը» զգալի առավելություն էր ստացել իշխանության նկատմամբ, ընտրություններից չորս օր առաջ ձերբակալվեց կուսակցության 14 ներկայացուցիչ և աջակից։ Համայնքապետի թեկնածուն արդեն կալանավորված է։ Իրավապահները ներկայացրել են ընտրակաշառքի վերաբերյալ ծանր մեղադրանքներ։ Ընտրակաշառքի նկատմամբ որևէ հանդուրժողականություն չի կարող լինել։ Բայց նույնքան անընդունելի է վարչական լծակներով քաղաքական մրցակիցներին ճնշելը։ Եթե պետությունը կարողանում է բացահայտել ընտրակաշառքի կազմակերպված սխեմաները, պարտավոր է նույն վճռականությամբ բացահայտել նաև սեփական պաշտոնյաների հնարավոր ապօրինությունները։ 2018-ի հեղափոխությունը խոստանում էր վերջ դնել այն համակարգին, որտեղ պաշտոնը, աշխատանքն ու պետական միջոցները ծառայում էին իշխանության վերարտադրությանը։ Ութ տարի անց հարկ է տալ շատ ավելի անհարմար հարցը. փոխվե՞լ է համակարգը, թե՞ պարզապես փոխվել են այն տնօրինողները։ Այս հարցերի շուրջ զրուցելու ենք «Ռեստարտ» քաղաքացիական հիմնադրամի գործադիր տնօրեն Յուրի Ավագյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



