Ռուսաստանը դեռ մայիսին հայտարարել էր հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների մասին, իսկ հունիսի 2-ից դրանք տարածվել են նաև դեղձի վրա, երբ բերքահավաքը նույնիսկ չէր սկսվել։ Մոսկվան որոշումը հիմնավորում է բուսասանիտարական խախտումներով, իսկ Երևանը վիճարկում է դրա օրինականությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովում։ Սակայն այս վեճը բացահայտել է ԵԱՏՄ-ի շատ ավելի խորքային խնդիր։ Ռուսաստանն ունի իր սահմանած առևտրային արգելքների դեմ ընդունվող որոշումները խափանելու հնարավորություն՝ անկախ մյուս անդամների դիրքորոշումից։ Ստացվում է՝ հայկական ապրանքների ազատ տեղաշարժը երաշխավորելու կոչված միության ներսում Մոսկվան կարող է միաժամանակ սահմանափակումներ կիրառել և արգելափակել դրանց վերացումը։ Հոկտեմբերի 21-ին Ազգային ժողովում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է ուշագրավ մանրամասներ։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում հայկական կողմի բարձրացրած հարցերից մեկի քննարկման ժամանակ քվեարկությունն ավարտվել է ութ կողմ, երկու դեմ արդյունքով։ Չորս պետությունների ներկայացուցիչները պաշտպանել են Հայաստանի դիրքորոշումը, Ռուսաստանի երկու ներկայացուցիչները քվեարկել են դեմ։ Խնդիրը տեղափոխվել է քննարկման ավելի բարձր մակարդակ, որտեղ Մոսկվան կրկին կարող է խափանել վերջնական որոշման ընդունումը։ Նախարարը չի հրապարակել, թե կոնկրետ որ ապրանքատեսակի սահմանափակմանն էր վերաբերում այդ քվեարկությունը։ Սակայն դեպքն արդեն բավական խոսուն է ԵԱՏՄ իրավական համակարգի արդյունավետությունը գնահատելու համար։ Մայիսից Ռուսաստանը հաջորդաբար սահմանափակել է հայկական բանջարեղենի, մրգերի, չրերի և ձկնամթերքի ներմուծումը։ Արգելքների մի մասը տարածվել է նաև ռուսական տարածքով դեպի ԵԱՏՄ անդամ մյուս երկրներ իրականացվող տարանցման վրա։ Այսպիսով, հայկական արտադրողի առջև խոչընդոտներ են առաջացել նաև երրորդ շուկաներ հասնելու ճանապարհին։ «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակումները հիմնավորում է սանիտարական և բուսասանիտարական խախտումներով։ Սակայն նման որոշումների օրինականությունը հաստատելու համար անհրաժեշտ են հրապարակային, ստուգելի ապացույցներ։ Մոսկվան պետք է հիմնավորի նաև կիրառված արգելքների ծավալն ու խստությունը։ Հակառակ դեպքում առևտրային սահմանափակումները կարող են ծառայել որպես տնտեսական ճնշման միջոց՝ քողարկված սննդամթերքի անվտանգության պահանջներով։ Դեղձի դեպքն այստեղ առանձնահատուկ նշանակություն ունի։ Հունիսի 2-ից գործող սահմանափակման և հուլիս-հոկտեմբեր ամիսներին սպասվող բերքահավաքի միջև ժամանակագրական անհամապատասխանությունը պահանջում է առանձին բացատրություն։ Ի՞նչ փորձաքննությունների, նմուշառումների և արձանագրված խախտումների հիման վրա է նախապես սահմանափակվել տվյալ ապրանքատեսակի մատակարարումը։ Հայկական կողմը պարտավոր է պահանջել համապատասխան փաստաթղթերը և հրապարակել դրանց վերաբերյալ իր առարկությունները։ Առավել կարևոր է սահմանափակումների կիրառման քաղաքական ժամանակագրությունը։ Դրանք հաջորդաբար ընդլայնվել են Հայաստանի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին նախորդող և հաջորդող ժամանակահատվածում, հայ-ռուսական հարաբերություններում աճող տարաձայնությունների պայմաններում։ Հայաստանը հունիսին, հուլիսին և օգոստոսին դիմումներ է ներկայացրել Եվրասիական տնտեսական հանձնաժողով, սակայն սահմանափակումները շարունակում են գործել։ Գյուղատնտեսության համար ամիսներ տևող իրավական գործընթացն արդեն տնտեսական կորուստ է։ Բերքը չի կարող սպասել հանձնաժողովների որոշումներին։ Արտադրողները կորցնում են իրացման սեզոնը, պայմանագրերն ու եկամուտը։ Նույնիսկ Հայաստանի օգտին ընդունված վերջնական որոշումը չի վերադարձնի կորցրած շուկան և չի վերականգնի արդեն պատճառված վնասը։ ԵԱՏՄ իրավական մեխանիզմների դանդաղկոտությունն այսպիսով լրացուցիչ առավելություն է տալիս սահմանափակումներ կիրառող պետությանը։ Պապոյանի ներկայացմամբ՝ ԵԱՏՄ ընթացակարգով առևտրային խոչընդոտ ճանաչված սահմանափակումը կիրառած պետությունը պարտավոր է 30 օրվա ընթացքում միջոցներ ձեռնարկել դրա վերացման համար։ Սակայն այդ փուլին հասնելու համար անհրաժեշտ է հաղթահարել որոշումների ընդունման բարդ համակարգը։ Միության անդամն ունի հնարավորություն խոչընդոտելու սեփական գործողությունների վերաբերյալ որոշման հաստատմանը։ Սա ԵԱՏՄ կառուցվածքային թերությունն է։ Ընդհանուր շուկայի մասնակից պետությունը միաժամանակ օժտված է այդ շուկայի կանոնների խախտման վերաբերյալ վեճի հանգուցալուծման վրա վճռորոշ ազդեցությամբ։ Նման համակարգում փոքր տնտեսությունների իրավական պաշտպանությունը կախված է նաև վեճի մյուս կողմի համաձայնությունից։ Հայաստանի կառավարության հաջորդ քայլերը պետք է ներառեն սահմանափակումների հետևանքով կրած վնասների փաստաթղթավորումը։ Անհրաժեշտ է հրապարակել տուժած ապրանքատեսակների ցանկը, արտահանման կրճատման ծավալները, չկատարված պայմանագրերի արժեքը և ռուսական կողմի ներկայացրած հիմնավորումների վերաբերյալ մասնագիտական եզրակացությունները։ Առանց այդ տվյալների պետությունը չի կարող լիարժեք գնահատել տնտեսական կորուստը կամ դրա հնարավոր փոխհատուցման իրավական հեռանկարները։ Նոյեմբերի 3-ին նախատեսված հերթական նիստը ցույց կտա ԵԱՏՄ մեխանիզմների գործնական հնարավորությունները։ Արդեն արձանագրված ութ կողմ և երկու դեմ քվեարկությունը կարևոր նախադեպ է։ Դրա հետագա ընթացքը կպարզի ընդհանուր շուկայի ամենազգայուն հարցերից մեկը. կարո՞ղ է Հայաստանը պաշտպանել իր տնտեսական իրավունքները մի համակարգում, որի խոշորագույն մասնակիցն իր դեմ ուղղված որոշումն արգելափակելու հնարավորություն ունի։ Մինչ հանձնաժողովները քննարկում են խոչընդոտների իրավական կարգավիճակը, հայկական արտադրողները շարունակում են կրել դրանց տնտեսական հետևանքները։ Հենց այս անհամաչափությունն է Հայաստանի արտահանման կախվածության ամենավտանգավոր կողմը։ Երկրի տնտեսական անվտանգությունը պահանջում է արտահանման շուկաների բազմազանեցում, այլընտրանքային փոխադրուղիների զարգացում և արտադրանքի համապատասխանեցում նոր շուկաների պահանջներին։ Հայաստանը պետք է ընդլայնի իր արտահանման հնարավորությունները, որպեսզի Մոսկվան այլևս չկարողանա մեր տնտեսական կախվածությունն օգտագործել որպես քաղաքական ճնշման միջոց։



