Գազի թանկացման սպառնալիքի տակ թաքնված տնտեսական հարցերը

Հայաստանի տնտեսությանը հերթական ապոկալիպսիսն են խոստանում։ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հնարավոր կասեցման շուրջ շրջանառվող կանխատեսումների կենտրոնում ռուսական գազն է։ Ներկայացվող սցենարով հազար խորանարդ մետրի գինը ներկայիս 177,5 դոլարից կարող է հասնել 300 դոլարի։ Հաշվարկված լրացուցիչ բեռը տարեկան 268,5 միլիոն դոլար է։ Հոկտեմբերի 22-ին լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտրուկ մերժեց Հայաստանի տնտեսությանը սպառնացող աղետի մասին կանխատեսումները։ Նա հիշեցրեց 2018 թվականից ի վեր պարբերաբար հնչող նույն նախազգուշացումները՝ վկայակոչելով անցած տարիների տնտեսական աճը։ Վարչապետի գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսությունն ունի արտաքին ճնշումներին դիմակայելու ներուժ, իսկ աղետալի սցենարները հաշվի չեն առնում այդ իրողությունը։ Թվերը հաստատում են վարչապետի փաստարկը։ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով՝ Հայաստանի տնտեսությունը 2022 թվականին աճել է 12,6, 2023-ին՝ 8,3, 2024-ին՝ 5,9, իսկ 2025-ին՝ 7,2 տոկոսով։ 2026 թվականի համար ԱՄՀ-ի հունիսյան կանխատեսումը ևս դրական է՝ շուրջ 5,5 տոկոս։ Սակայն վարչապետի խոսքի ամենաուշագրավ հատվածը Թուրքիայի մասին դիտարկումն էր։ Փաշինյանը հարց բարձրացրեց. ինչպե՞ս է ստացվում, որ Թուրքիայում գազը Հայաստանի համեմատ մի քանի անգամ թանկ է, սակայն թուրքական լոլիկը կարողանում է հայկականից էժան լինել։ Այս հարցը շատ ավելի լուրջ տնտեսական քննության նյութ է, քան գազի թանկացման շուրջ աղմուկը։ Հայաստանի գյուղատնտեսության, հատկապես ջերմոցային տնտեսությունների մրցունակության խնդիրները տարիներ շարունակ բացատրվել են էներգակիրների գնով։ Էժան գազը ներկայացվել է որպես տեղական արտադրության պահպանման կարևորագույն պայման, սակայն վերջնական արտադրանքի ինքնարժեքը ձևավորվում է բազմաթիվ գործոններից՝ արտադրողականություն, ջերմոցային տեխնոլոգիաներ, հողատարածքների արդյունավետ օգտագործում, ֆինանսավորման արժեք, լոգիստիկա, իրացման ծավալներ և մրցակցություն։ Եթե բարձր էներգետիկ ծախսեր ունեցող արտադրողը կարողանում է մրցունակ գին առաջարկել, Հայաստանի համար առաջնահերթ է սեփական արտադրության ծախսային կառուցվածքի ուսումնասիրությունը։ Այստեղ կառավարությունն ունի անպատասխան հարցերի բավական երկար ցանկ։ Որքա՞ն է հայկական ջերմոցներում արտադրվող լոլիկի ինքնարժեքը։ Դրա քանի՞ տոկոսն է կազմում գազը։ Ինչպիսի՞ն են նույն ցուցանիշները Թուրքիայի համադրելի տնտեսություններում։ Որքա՞ն արտադրանք է ստացվում ջերմոցի յուրաքանչյուր քառակուսի մետրից։ Պետական աջակցության ծրագրերը նպաստե՞լ են արտադրողականության աճին։ Եվ վերջապես, էժան էներգակիրներից ստացվող տնտեսական առավելությունը հասե՞լ է սպառողին։ Առանց այս տվյալների թուրքական և հայկական լոլիկի գնային համեմատությունը մնում է կարևոր հարցադրում, սակայն դեռևս ամբողջական տնտեսական եզրակացություն չէ։ Նույնպիսի քննության կարիք ունի նաև գազի հնարավոր թանկացման հաշվարկը։ 300 դոլար գինը ներկայացվում է որպես հնարավոր սցենար։ Հրապարակային հիմնավորման համար անհրաժեշտ են պայմանագրային, շուկայական և ծախսային մանրամասն հաշվարկներ։ Առանձին ուսումնասիրության առարկա պետք է դառնան «Գազպրոմ Արմենիա»-ի սակագնային կառուցվածքը, ներդրումային պարտավորությունները, թույլատրելի եկամտաբերությունը և սահմանային գնի փոփոխությունը վերջնական սպառողին փոխանցելու մեխանիզմը։ 268,5 միլիոն դոլարի լրացուցիչ ներմուծման ծախսը ինքնաբերաբար նույն չափով սպառողների վճարների աճ չի նշանակում։ Այդ ազդեցությունը հաշվարկելու համար անհրաժեշտ են գազի բաշխման ամբողջ շղթայի ֆինանսական տվյալները։ Հենց այստեղ էլ ի հայտ է գալիս խնդրի քաղաքական նշանակությունը։ Ռուսական գազի գործող գինը տասնամյակներ շարունակ ներկայացվել է որպես Հայաստանի ռազմավարական կախվածությունն արդարացնող տնտեսական առավելություն։ Այժմ նույն կախվածությունն օգտագործվում է հնարավոր տնտեսական ցնցումների մասին զգուշացնելու համար։ Հայաստանը պարտավոր է այդ ռիսկերը հաշվարկել և պատրաստվել դրանց։ Միաժամանակ անհրաժեշտ է հրապարակային քննարկման առարկա դարձնել էներգետիկ համակարգի կենտրոնացվածությունը, այլընտրանքային մատակարարումների հնարավորությունները, վերականգնվող էներգետիկայի զարգացումը և տեղական արտադրության էներգատարության կրճատումը։ Եվ այստեղ Փաշինյանի հայտարարությունը կառավարության համար ևս պարտավորություն է առաջացնում։ Եթե Հայաստանի տնտեսությունն ունակ է դիմակայելու արտաքին ճնշումներին, հասարակությունը պետք է տեսնի այդ դիմակայունության հաշվարկները։ Պետք են գազի գնի տարբեր սցենարների ազդեցության գնահատումներ, արդյունաբերության և գյուղատնտեսության խոցելի ճյուղերի ուսումնասիրություն, մրցունակության բարձրացման հստակ միջոցառումներ։ Տնտեսական անկախությունը պահանջում է սեփական հնարավորությունների ճշգրիտ գնահատում և հետևողական աշխատանք։ Իսկ վարչապետի հիշատակած լոլիկը կարող է դառնալ շատ ավելի լայն տնտեսական ուսումնասիրության առիթ։ Տարիներ շարունակ Հայաստանի արտադրողներին տրամադրված էներգետիկ և պետական արտոնությունները ի՞նչ արդյունք են տվել արտադրողականության, ինքնարժեքի և արտահանման մրցունակության տեսանկյունից։ Այս հարցի պատասխանը կարևոր է նաև ապագա տնտեսական քաղաքականության համար։ Հայաստանի տնտեսության հեռանկարը պետք է որոշվի հայկական արտադրության մրցունակությամբ, տեխնոլոգիական զարգացմամբ և արտաքին կախվածությունների հետևողական կրճատմամբ։ Գազի հնարավոր թանկացման շուրջ ներկայիս աղմուկը լավ առիթ է վերջապես հրապարակելու այն հաշվարկները, որոնց բացակայությամբ տնտեսական յուրաքանչյուր սպառնալիք հեշտությամբ վերածվում է քաղաքական ճնշման գործիքի։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16665

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով