Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի կենտրոնական խաղը կայացավ Աբովյանի քաղաքային մարզադաշտում, որտեղ միմյանց հետ մրցեցին Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն ու գավաթակիր «Նոա»-ն: Հանդիպման մեկնարկից 8 րոպե անց` արագ հակագրոհներից մեկի ժամանակ, «Արարատ-Արմենիա»-ն բացեց հանդիպման հաշիվը: Ուժեղ հարվածով գնդակը դարպասի անկյունային հատվածն ուղարկեց Սանդրո Լիման: Հանդիպման 22-րդ րոպեին «Արարատ-Արմենիա»-ն երկրորդ անգամ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը: Ժիրայր Շաղոյանի հարվածից հետո գնդակն Արամ Խամոյանից անդրադարձավ ու հայտնվեց դարպասում: Երկրորդ կեսում «Նոա»-ն սկսեց առավել շատ տիրել գնդակին ու նախաձեռնությանը: Հայաստանի գավաթակրին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը: «Նոա»-ից 81-րդ րոպեին աչքի ընկավ Լազետիչը: Այս հաղթանակի շնորհիվ «Արարատ-Արմենիա»-ն մրցաշարային աղյուսակում բարձրացավ երկրորդ հորիզոնականը և այժմ ունի 26 միավոր: 28 միավորով առաջին տեղում «Նոա»-ն է:



