Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիային։ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Նորին Մեծության այցը և հույս հայտնել, որ նա Հայաստանից կստանա ջերմ տպավորություններ։ ՀՀ վարչապետը հավելել է, որ այս տարի արդեն Իսպանիայի երկու բարձրաստիճան պաշտոնյաների՝ նախ վարչապետ Պեդրո Սանչեսի, ապա թագուհի Սոֆիայի այցերը Հայաստան վկայում են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման մասին։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետք է օգտագործել երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան՝ քաղաքական երկխոսությունն էլ ավելի ամրապնդելու նպատակով։ Թագուհի Սոֆիան շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ տպավորված է ջերմ հյուրընկալությամբ ու Հայաստանով։ Նորին Մեծությունը նշել է, որ Երևանում մասնակցելու է Արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը, ինչպես նաև պատրաստվում է այցելել Հայաստանի պատմամշակութային վայրեր, ներկա գտնվել Հայաստան-Իսպանիա բարեկամական կապերին նվիրված միջոցառումների: Հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը և թագուհի Սոֆիան մտքեր են փոխանակել երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցերի շուրջ։



