Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արարատի մարզի Հովտաշատ համայնքում Վ.Բ.-ին պատկանող ձկնաբուծարանում արձանագրել են խախտումներ: Ինչպես տեղեկանում է ՀՀ ԲԸՏՄ-ի տարածած հաղորդագրությունից, Վ.Բ.-ն ձկնաբուծարանի ջրառն ապահովելու նպատակով, չունենալով համապատասխան ջրօգտագործման թույլտվություն, ջրառ է իրականացրել ինքնաշատրվանող 1 խորքային հորից: Ջրային ռեսուրսներին պատճառված վնասի հաշվարկի չափը կազմել է 59.591.304 դր.: Ապօրինի ջրառ իրականացնելու գործողության կասեցման վերաբերյալ որոշման կատարումն ապահովելու նպատակով որոշումն ուղարկվել է ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն: Հաշվի առնելով արձանագրված փաստական տվյալները և դրանցում հանցագործության հատկանիշների առկայությունը՝ Տեսչական մարմինն առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։



