BBC-ն հայտնում է, որ Իսրայելում խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների 89,8 տոկոսի հաշվարկից հետո գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուին աջակցող քաղաքական ուժերի դաշինքը թեև առաջատար է ձայների թվով, սակայն կառավարություն ձևավորելու համար բավարար մանդատներ չունի։ Նախնական տվյալներով՝ Իսրայելի խորհրդարանում՝ Քնեսեթում, ռեկորդային թվով մանդատներ կարող են ստանալ արաբական կուսակցությունները։ Դրանք կարող էին վճռորոշ դեր ունենալ կառավարող կոալիցիայի ձևավորման հարցում, սակայն ո՛չ Նեթանյահուն, ո՛չ Այզենկոտը պատրաստ չեն համագործակցել նրանց հետ։ Իսրայելի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ չորեքշաբթի երեկոյան հաշվարկվել էր քվեաթերթիկների 89,8 տոկոսը։ Դեռևս հաշվարկված չեն այսպես կոչված «կրկնակի ծրարներով» քվեաթերթիկները, որոնք ներկայացվում են հատուկ կարգով՝ հեռակա քվեարկության շրջանակում։ Ակնկալվում է, որ դրանք առաջիկա օրերին կավելացվեն ընդհանուր արդյունքներին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գնահատմամբ՝ այս ընտրություններում հեռակա կարգով ներկայացվել է 430-480 հազար քվեաթերթիկ։ Դրանց հաշվարկը նախատեսվում է ավարտել հինգշաբթի երեկոյան։ Վերջին տվյալներով՝ Նեթանյահուի դաշինքը կարող է ստանալ Քնեսեթի 53 մանդատ, որից 26-ը՝ նրա գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը։ Ընդդիմադիր դաշինքը կարող է ստանալ 48 մանդատ։ Երկու արաբական կուսակցությունները գրանցել են իրենց պատմության լավագույն արդյունքը և կարող են ստանալ ընդհանուր առմամբ 19 մանդատ։ Բոլոր ձայների հաշվարկը, ըստ սպասումների, կշարունակվի մինչև հոկտեմբերի 30-ը՝ ուրբաթ։ Ընտրությունների պաշտոնական արդյունքները կհրապարակվեն մեկ շաբաթ անց՝ նոյեմբերի 4-ին։



