Հայաստանի խոշորագույն հարկատուների առաջին տասնյակը շատ բան է ասում մեր տնտեսության կառուցվածքի, զարգացման առաջնահերթությունների և անկախության երեքուկես տասնամյակում ձևավորված տնտեսական համակարգի մասին։ Այն նաև կարևոր հարց է առաջադրում՝ ինչի՞ հաշվին է ապրում Հայաստանը, և ի՞նչ կարողություններ է ստեղծել միջազգային տնտեսության մեջ մրցունակ լինելու համար։ Խոշորագույն հարկատուների առաջին տասնյակում գերակշռում են հեռախոսների առևտուրը, հանքարդյունաբերությունը, ծխախոտի արտադրությունը, գազամատակարարումը, ֆինանսական և խաղային ծառայությունները։ Սրանք միլիարդավոր դրամների հարկեր վճարող, տնտեսության համար կարևոր ընկերություններ են։ Սակայն դրանց կազմը բացահայտում է Հայաստանի տնտեսական զարգացման հիմնարար խնդիրը՝ բարձր ավելացված արժեք ստեղծող, սեփական տեխնոլոգիաներ և մրցունակ արդյունաբերական արտադրանք ունեցող ձեռնարկությունների սահմանափակ ներկայությունը։ Անկախության երեքուկես տասնամյակից հետո մենք դեռ պետք է պատասխանենք գլխավոր հարցին. ի՞նչ է Հայաստանը ստեղծում, ինչո՞վ է մրցակցում համաշխարհային շուկայում և ի՞նչ տնտեսական նշանակություն ունի միջազգային աշխատանքի բաժանման մեջ։ 2026 թվականի առաջին ինը ամիսներին Հայաստանի խոշորագույն հարկատուն «Մոբայլ սենթր արտն» է՝ 64,3 միլիարդ դրամով։ Երկրորդը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է՝ 60,8 միլիարդով, երրորդը՝ «Գրանդ Տոբակոն»՝ 46,2 միլիարդով։ Այս թվերն արտացոլում են նաև հարկային համակարգի առանձնահատկությունները. մեծ հարկ վճարելը դեռ չի նշանակում մեծ ավելացված արժեք ստեղծել։ Բայց տնտեսության կառուցվածքի մասին դրանք մտածելու լուրջ առիթ են տալիս։ Ինչպիսի՞ն կլիներ այս ցուցակը, եթե Հայաստանը վերջին երեք տասնամյակներում կառուցած լիներ գիտելիքի, տեխնոլոգիայի և բարձր արտադրողականության տնտեսություն։ Տնտեսության առաջատարների շարքում զգալի տեղ կզբաղեցնեին սեփական տեխնոլոգիաներ մշակող, բժշկական սարքավորումներ, էլեկտրոնային բաղադրիչներ և բարձր ճշգրտության արդյունաբերական արտադրանք թողարկող ընկերությունները։ Հայաստանը կունենար միջազգային ճանաչում ունեցող արտադրական ապրանքանիշեր, գիտական հետազոտությունների վրա հիմնված ձեռնարկություններ և համաշխարհային շուկաներում կայուն դիրքեր զբաղեցնող արդյունաբերական ճյուղեր։ Այդպիսի տնտեսությունը կապահովեր բարձր վարձատրվող աշխատատեղեր, կխթաներ գիտության ու կրթության զարգացումը և կմեծացներ երկրի տնտեսական անկախությունն ու միջազգային կշիռը։ Պատմությունը նման օրինակներ ունի։ Հարավային Կորեան պատերազմից ավերված, աղքատ երկրից դարձավ կիսահաղորդիչների, ավտոմեքենաների և նավաշինության համաշխարհային կենտրոն։ Սինգապուրը, բնական պաշարների պակաս ունենալով, իր զարգացման հիմքում դրեց կրթությունը, արդյունավետ կառավարումն ու միջազգային տնտեսական կապերը։ Էստոնիան փոքրաթիվ բնակչությամբ ստեղծեց թվային պետական կառավարման և տեխնոլոգիական ձեռներեցության միջազգային ճանաչում ունեցող համակարգ։ Այս երկրների հաջողության հիմքում տասնամյակների հետևողական աշխատանքն էր։ Նրանք կրթությունը, գիտությունը, արդյունաբերությունը և պետական կառավարումը ենթարկեցին զարգացման երկարաժամկետ նպատակների։ Հայաստանում մենք շարունակում ենք ազգային հպարտության առիթներ փնտրել աշխարհում հաջողության հասած հայերի, նշանավոր գիտնականների ու տաղանդավոր անհատների ձեռքբերումներում։ Նրանց հաջողությունները հաճախ ներկայացնում ենք որպես մեր երկրի զարգացման և մտավոր ներուժի ապացույց՝ շրջանցելով շատ ավելի կարևոր հարցը. ի՞նչ պայմաններ է ստեղծել հայկական պետությունը սեփական տաղանդները բացահայտելու, կրթելու, նրանց կարողություններն իրացնելու և այդ ներուժը երկրի տնտեսական ու գիտական զարգացմանը ծառայեցնելու համար։ Աշխարհում ճանաչման հասած հայ գիտնականի հաջողությունը դեռ չի վկայում Հայաստանում գիտության զարգացման մակարդակի մասին։ Նույն կերպ, սփյուռքահայ միլիարդատիրոջ կարողությունը չի արտացոլում հայկական տնտեսության իրական հնարավորությունները։ Երկրի մտավոր և տնտեսական ներուժի գլխավոր չափանիշը սեփական տաղանդների համար ստեղծված պայմաններն են, գիտական հաստատությունների արդյունավետությունը, մրցունակ արտադրությունն ու միջազգային շուկայում ունեցած դիրքերը։ Հայաստանի զարգացման մասին պետք է դատել առաջին հերթին այն արդյունքներով, որոնք ստեղծվում են հենց Հայաստանում և նպաստում երկրի հարստության, գիտական կարողությունների ու տնտեսական ինքնուրույնության աճին։ Սա է Հայաստանի զարգացման խորքային խնդիրը՝ առանձին անհատների հաջողությունների կողքին երկրի կրթական, գիտական, տնտեսական և պետական կառավարման համակարգերի համեստ արդյունքները։ Մենք ունենք կարողություններ, որոնք դեռ չենք կարողանում դարձնել համազգային առաջընթացի հիմք։ 2025 թվականի PISA միջազգային գնահատման արդյունքները բացահայտում են Հայաստանի կրթական համակարգի մտահոգիչ վիճակը։ Մեր 15-ամյա աշակերտների ընդամենը 28 տոկոսն է հասնում մաթեմատիկայի և բնագիտական գիտելիքների նվազագույն պահանջվող մակարդակին, իսկ ընթերցանության դեպքում՝ միայն 19 տոկոսը։ Այսինքն՝ աշակերտների ճնշող մեծամասնությունը դժվարանում է կիրառել նույնիսկ այն հիմնական գիտելիքները, որոնք անհրաժեշտ են տեղեկությունը հասկանալու, ինքնուրույն մտածելու և առօրյա խնդիրներ լուծելու համար։ Խոսքը երկրի ապագա մասնագետների, գիտնականների, ինժեներների և պետական ծառայողների կրթական պատրաստվածության մասին է։ Այս արդյունքներով Հայաստանը պետք է լրջորեն վերանայի իր զարգացման առաջնահերթությունները։ Գիտելիքի վրա հիմնված տնտեսություն կառուցելու հավակնությունը պահանջում է նախևառաջ որակյալ կրթություն, իսկ PISA-ի թվերը ցույց են տալիս, թե այդ նպատակին հասնելու համար որքան մեծ աշխատանք կա անելու։ Այս արդյունքները երեխաների մտավոր կարողությունների մասին դատողությունների հիմք չեն տալիս։ Դրանք բացահայտում են կրթական համակարգի տարիներով կուտակված թերությունները, պետության վարած քաղաքականության հետևանքներն ու կրթության նկատմամբ հասարակության իրական վերաբերմունքը։ Երեխան սովորում է այն պայմաններում, որոնք ստեղծում են պետությունը, դպրոցն ու ընտանիքը։ Իսկ կրթության որակի գլխավոր պատասխանատվությունը կրում են այն ինստիտուտները, որոնք որոշում են, թե ինչ պետք է սովորեցնել, ինչպես պատրաստել ուսուցիչներին և որքան ներդրում կատարել մարդկային կապիտալի զարգացման մեջ։ Այսօրվա կրթական արդյունքները վաղվա Հայաստանի տնտեսական հնարավորությունների և միջազգային մրցունակության կարևորագույն ցուցիչներից են։ Մենք տասնամյակներով հանդուրժել ենք միջակությունը՝ դպրոցում, համալսարանում, պետական ծառայությունում, քաղաքականության մեջ, հանրային բանավեճում։ Շատ հաճախ կարիերայի գլխավոր պայմանը եղել է հավատարմությունը, պաշտոն զբաղեցնելու առավելությունը՝ կապերը, իսկ մասնագիտական հեղինակության չափանիշը՝ հրապարակային ճանաչումը։ Այս պայմաններում տաղանդավոր մարդիկ կա՛մ հարմարվում են համակարգին, կա՛մ հեռանում։ Կրթության, գիտության և տնտեսության այս խնդիրներն անմիջականորեն անդրադառնում են նաև Հայաստանի միջազգային դիրքերի վրա։ Սահմանափակ տնտեսական ու տեխնոլոգիական կարողություններով պետությունն ավելի խոցելի է արտաքին ճնշումների նկատմամբ, ավելի կախված՝ միջազգային գործընկերներից և ավելի սահմանափակ՝ սեփական շահերն առաջ մղելու հարցում։ Ժամանակակից աշխարհում պետության ազդեցությունը կախված է նրա տեխնոլոգիական կարողություններից, արտադրողականությունից, ենթակառուցվածքներից և միջազգային տնտեսական կապերից։ Թայվանը համաշխարհային քաղաքականության առանցքային հանգույցներից է նաև կիսահաղորդիչների արտադրության շնորհիվ։ Հարավային Կորեայի անվտանգությունն ամրապնդվում է նրա արդյունաբերական և տեխնոլոգիական կարողություններով։ Իսրայելի ռազմավարական նշանակությունը մեծապես կապված է գիտության, պաշտպանության արդյունաբերության և նորարարության հետ։ Հայաստանը չի կարող աշխարհաքաղաքական կշիռ ձեռք բերել միայն իր աշխարհագրական դիրքի, պատմության կամ մեծ տերությունների հակասությունների շնորհիվ։ Նույնիսկ միջազգային հաղորդակցությունների նոր նախագծերը երկարաժամկետ արդյունք կտան այնքանով, որքանով երկրի ներսում կզարգանան արտադրությունը, մասնագիտական կարողություններն ու մրցունակ ծառայությունները։ Տարանցիկ ճանապարհը տնտեսական ռազմավարության ընդամենը մի բաղադրիչն է։ Հայաստանի գլխավոր խնդիրներից մեկը միջակության հետ տասնամյակներով համակերպվելն է։ Մենք սովորել ենք բավարարվել համեստ արդյունքներով, սովորական ձեռքբերումները ներկայացնել որպես բացառիկ հաջողություններ և խուսափել սեփական աշխատանքի ու կարողությունների խիստ գնահատականից։ Այս մտածողությունը խոր արմատներ է գցել կրթության, գիտության, տնտեսության, պետական կառավարման և հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտներում։ Միջակությունը դարձել է ընդունված չափանիշ, իսկ բարձր պահանջներ ներկայացնելը հաճախ ընկալվում է որպես անարդար քննադատություն։ Արդյունքում մենք կորցնում ենք զարգացման ամենակարևոր նախապայմաններից մեկը՝ սեփական թերությունները ճանաչելու և ավելի բարձր արդյունքների ձգտելու կարողությունը։ Հայաստանն ունի տաղանդավոր մարդիկ, աշխատասեր հասարակություն, գիտական ավանդույթներ և միջազգային կապեր։ Դրանք անհրաժեշտ նախադրյալներ են։ Պետության զարգացման իրական չափանիշը դրանցից ստեղծված տնտեսական, կրթական և ինստիտուցիոնալ արդյունքն է։ Մեզ անհրաժեշտ է սեփական երկրի մասին ճշմարտությունը լսելու քաղաքական հասունություն։ Նույնիսկ ամենատհաճ ճշմարտությունը։ Ազգային արժանապատվությունը չի տուժում սեփական թերությունները ճանաչելուց։ Այն տուժում է ինքնախաբեությունից։ Հարկատուների այս ցուցակը կարող է լինել հերթական վիճակագրությունը, որով իշխանությունը կներկայացնի բյուջեի մուտքերի աճը, իսկ հասարակությունը կհիանա միլիարդներով։ Բայց այն կարող է նաև առիթ դառնալ քննարկելու, թե երեսունհինգ տարվա անկախությունից հետո ինչպիսի տնտեսական պետություն ենք կառուցել։ Մեծ պետություն լինելու համար մեծ տարածքը պարտադիր չէ։ Պարտադիր են մեծ պահանջները՝ կրթության, աշխատանքի, կառավարման և սեփական արդյունքի նկատմամբ։ Հայաստանը դատապարտված չէ հավերժ մնալու զարգացման այս մակարդակում։ Զարգացման ներկա մակարդակը մեր պետական, տնտեսական և կրթական համակարգերի տասնամյակների աշխատանքի արդյունքն է, հետևաբար՝ փոփոխելի իրականություն։ Բայց դրա համար նախ պետք է հրաժարվել ինքնախաբեությունից, սովորական արդյունքներով հպարտանալու սովորությունից և սեփական թերությունների մասին խոսողներին լռեցնելու մոլուցքից։ Մեր երկրի ապագան կախված է այն պահանջներից, որոնք այսօր ներկայացնում ենք մեր կրթությանը, գիտությանը, տնտեսությանը, պետական կառավարմանը և առաջին հերթին՝ ինքներս մեզ։ Մենք չափազանց երկար ենք խոսել մեր ժողովրդի բացառիկության, պատմական մեծության ու անսահման ներուժի մասին։ Ժամանակն է այդ հավակնությունները հաստատել իրական ձեռքբերումներով՝ միջազգային մրցունակությամբ, գիտական նվաճումներով, զարգացած արդյունաբերությամբ, արդյունավետ պետական հաստատություններով և արժանապատիվ կյանքի պայմաններով։ Մեծ ազգ լինելու մասին հայտարարությունները մեզ այլևս ոչինչ չեն ավելացնում։ Հայաստանի մեծությունը պետք է երևա այն ամենում, ինչ ստեղծում ենք այսօր և ինչ երկիր ենք թողնելու հաջորդ սերունդներին։



