Հայաստանի տնտեսության վրա աստիճանաբար զգացվում է իրանական հակամարտության շունչը։ Տնտեսական ակտիվությունը գնալով թուլանում է։ Մինչև հակամարտության մեկնարկն էլ ակտիվությունը սկսել էր թուլանալ, բայց հակամարտությունից հետո թուլացման տեմպերն արագացել են։ Մարտին, նախորդ ամսվա համեմատ, տնտեսական ակտիվության տեմպը 0.6 տոկոսով դանդաղել է՝ կազմելով 6.6 տոկոս։ Մինչ այդ գերազանցում էր 7 տոկոսը, իսկ հունվարին նույնիսկ 7.6 տոկոսի էր հասել։ Եռամսյակի տվյալներով, տնտեսական ակտիվությունն իջել է 7.1 տոկոսի։ Աճի տեմպն էապես ընկել է հատկապես արդյունաբերության մեջ։ Տարեսկզբի առաջին 2 ամիսներին տպավորություն էր, որ արդյունաբերության մեջ «աննախադեպ աճերի» ժամանակաշրջան է սկսվել, փետրվարին աճը հասել էր գրեթե 24 տոկոսի։ Բայց պարզվեց՝ դա էլ խաբուսիկ է։ Մարտին արդյունաբերության աճը նախորդ տարվա նկատմամբ իջավ ընդհուպ 7 տոկոսի, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ նույնիսկ անկում գրանցվեց։



